կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ագնեսա Խամոյանն առաջարկում է իրավապահների կողմից թմրանյութերի օգտագործումը պարզելու ստուգում անցկացնել

Ագնեսա Խամոյանն առաջարկում է իրավապահների կողմից թմրանյութերի օգտագործումը պարզելու ստուգում անցկացնել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն առաջարկում է ոստիկանության, ԱԱԾ, ՊՊԾ, Հակակոռուպցի կոմիտեի, ինչպես նաև դատախազների և քննիչների կողմից տարեկան 2 անգամ թմրանյութերի և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու վերաբերյալ ստուգման անցկացման պահանջ սահմանել։

«Շրջանառության մեջ է դրվել իմ կողմից հեղինակած օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է նախաքննական և հանցագործությունների դեմ պայքարի լիազորություններով օժտված մարմինների ծառայողների՝ մասնավորապես ոստիկանության, ԱԱԾ, ՊՊԾ, Հակակոռուպցի կոմիտեի, ինչպես նաև դատախազների և քննիչների կողմից տարեկան 2 անգամ թմրանյութերի և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու վերաբերյալ ստուգման անցկացման պահանջի սահմանում»,-տեղեկացրել է Խամոյանը։

Պատգամավորն իր հեղինակած նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին թմրանյութերի և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության աննախադեպ աճը, առավել քան անհրաժեշտ է դարձել վերահաստատել և ցույց դնել դրա դեմ պետական պայքարի քաղաքականությունը, որի լավագույն դրսևորումը հենց իրավապահ և նախաքննական մարմիններում այդպիսի արգելված միջոցների օգտագործման բացառումն է, իսկ նման արարքների ի հայտ գալու դեպքում՝ համակարգից հեռացումը:

«Նախագծով առաջարկվում է որպես թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մարտավարություն դիտարկել հենց թմրանյութերի ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում օրենսդրական պարտականությամբ օժտված սուբյեկտների օրինակով նման նյութեր օգտագործելու պարագայում կարգապահական տույժի ամենախիստ տեսակը՝ ազատման ինստիտուտը և նման դեպքերի բացահայտման նպատակով տարեկան երկու անգամ թեստավորումը: Վերոգրյալը հիմնավորվում է նախևառաջ նրանով, որ ցանկացած պարագայում անթույլատրելի է նախաքննական և հանցագործությունների դեմ պայքարելու լիազորություններով օժտված մարմինների ծառայողների կողմից թմրանյութերի օգտագործումը: Ավելին, նման մոտեցումը հիմնված է նաև միջազգային լավագույն փորձի վրա»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է մի կողմից բարձրացնել հասարակության վստահությունը իրավապահ և նախաքննական մարմինների նկատմամբ, մյուս կողմից բացառել նման կարևորագույն լիազորություններով օժտված պետական մարմիններում կամ դրա աշխատակիցների կողմից թմրանյութերի և կամ հոգեմետ նյութերի օգտագործումը:

  • Կիսվել: