Սա հատուկ էր արված, որպեսզի ԼՂ հարցը որպես մահակ միշտ հնարավոր լինի պահել Հայաստանի գլխին. վարչապետ
Եթե ելնենք իմաստուն քաղաքական գործչի տրամաբանությունից՝ 2019-ին արդեն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը պետք է լիներ այն, որ 7 տարածքները պետք է հանձնել, ԼՂ ընթացիկ կարգավիճակը զրոյացնել: ԼՂ-ում պետք է հաստատվի մաքսիմում հայ-ադրբեջանական համատեղ կառավարում, եւ ԼՂ կարգավիճակի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչեւ ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ի վերաբերյալ ներկայիս իրողություններին ու զարգացումներին:
Նրա խոսքով՝ այս ամենից հետո գալիս է նաեւ 5-րդ հարցը. ՛՛Իսկ այս ամենից հետո ի՞նչ է լինելու: Օրինակ, Սեւ լճի իրադարձությունները լինելու են, թե ոչ, Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, Տեղի իրադարձությունները լինելո՞ւ են, թե ոչ: Հաջորդը, ըստ էության, պետք է առերեսվել 30 տարվա հայկական խոսույթը փլուզելու անհրաժեշտության առաջ եւ այդպես էլ չունենալով հարցի պատասխանը՝ այսպես ստացվեց, որովհետեւ հայկական իշխանությունը փլուզե՞ց հայկական տեսլականը, թե՞ ընդհակառակը, պետք է այդպես ստացվեր: Երբ ես ասացի ԱԺ-ում, որ կունենայինք նույնը, բայց առանց զոհերի, այդպես էլ չհասկացա՝ ինչու աղմուկ բարձրացավ, որովհետեւ ես սա նկատի ունեի՛՛:
Վարչապետը նշել է, որ ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել մի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծում:
՛՛Բոլոր տարբերակները, որոնք եղել են սեղանի վրա, մադրիդյան սկզբունքներից ի վեր, ենթադրել են ԼՂ հարցի չլուծում: Միայն մի տարբերակ է եղել 1999-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի եւ ԼՂ-ի փոխանակման տարբերակն էր: Այսինքն Մեղրին հանձնվում է Ադրբեջանին, ԼՂ-ն միացվում է Հայաստանին: Մնացած ոչ մի տարբերակով ԼՂ հարցի լուծում չկար: Եվ սա, իմ ընկալմամբ, ինչ-որ առումով նաև հատուկ էր արված, որպեսզի ԼՂ հարցը, որպես մահակ միշտ հնարավոր լինի պահել Հայաստանի Հանրապետության գլխին: Չգիտեմ, գուցե, ոմանք մտածում էին նաև` Ադրբեջանի գլխին, բայց ես հիմա Հայաստանի մասին եմ խոսում և Հայաստանի մասին եմ ուզում խոսել: Ես նախկինում էլ ասել եմ՝ անհնարինությունը պարզաբանելու, որտեղ է կանգնելու պրոցեսը, որովհետև եթե դու ունես կանխատեսելի միջավայր կամ հնարավորություն պրոցեսը դարձնել կանխատեսելի, դու կարող ես քննարկել և որոշում կայացնել, իսկ եթե դու չգիտես, կամ բացարձակապես հնարավորություն չկա պրոցեսը դարձնել կանխատեսելի, Ձեր ասածը դառնում է գործնականում անհնար՛՛,-նշել է վարչապետը: