հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան

Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան

Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը մեր տարածաշրջանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Որքան էլ դրա հիմքում առաջին հերթին դիտարկում եմ ՀՀ իշխանության դիրքորոշումն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի հարցն օրակարգից հանելու վերաբերյալ, սակայն ակնհայտ է, որ սա իր ռեգիոնալ առաջնահերթությունների տեսակետից հակասում է նաև ՌԴ շահերին:

Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում բերեց նրան, որ այլ գեոպոլիտիկ կենտրոններ, օգտագործելով իրադրային հնարավորությունները, ստեղծեցին իրավիճակ, որտեղ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ ի հաշիվ դրան, թուրքական ներկայությունն ուղղակի և անուղղակի ձևով աճեց:

Ի՞նչ է լինում նման իրավիճակում. ճիշտ այնպես, ինչպես մեզ հետ տեղի է ունեցել տարբեր շրջափուլերում` հայերս կոտորվեցինք, բռնի տեղահանվեցինք, հայրենիք կորցրեցինք, բայց նույնիսկ այս վիճակում դեռ ամբողջությամբ և խորությամբ չկա այն գիտակցումը, թե ինչ եղավ մեզ հետ:

Երեկվանից տարբեր ռուս քաղաքական գործիչներ իրավիճակը փրկելու համար հայտարարում են, թե խաղաղապահ առաքելությունն իր խնդիրները լուծեց և դրա համար է հեռանում:

Իհարկե, սա ազնիվ մոտեցում չէ, որովհետև անընդհատ շահարկվող 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը լրիվ այլ բան էր սահմանել և առաջին հերթին՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ հայկական Արցախի գոյություն: Իսկ թե ինչու ՀՀ իշխանության հետ գործակցաբար դրված իրական խնդիրները չլուծվեցին, այստեղ ևս պատասխանատվության իրենց չափաբաժինն ունեն ՌԴ այն գործիչներն ու կառույցները, որոնք Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի հետ հարաբերություններով են զբաղվում»:

  • Կիսվել: