երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուս-ուկրաինական հակամարտությունն արձանագրում է նոր փուլ հետխորհրդային երկրների պատմության մեջ․ քաղաքագետները քննարկեցին վերջին զարգացումները

Ռուս-ուկրաինական հակամարտությունն արձանագրում է նոր փուլ հետխորհրդային երկրների պատմության մեջ․ քաղաքագետները քննարկեցին վերջին զարգացումները

Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներից մեկն էլ հետխորհրդային տարածքում կտրուկ փոփոխությունների արձանագրումն է մի շարք երկրներում, որոնք նախկինում եղել են Ռուսաստանի անմիջական ազդեցության գոտում։ Հետևաբար այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում, կարելի է տեղավորել ռուս-ուկրաինական հակամարտության կոնտեքստում, որն, ըստ էության, նոր փուլ է բացում հետխորհրդային երկրների պատմության մեջ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը «Հարավային Կովկաս․ միտումներն ու հեռանկարներն ուկրաինական պատերազմի համատեքստում» խորագրով գիտաժողովի ժամանակ հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ռուս-ուկրաինական հակամարտության անկանխատեսելի հետևանքները թույլ են տալիս եզրակացնել, որ գլոբալ աշխարհաքաղաքականության համատեքստում փորձ է արվում իրադարձությունները հետայսու դարձնել կառավարելի։ Այդ հակամարտության համար նախադրյալներ են հանդիսացել դեռևս 1990-ական թվականներին հետխորհրդային տարածքում բռնկված կոնֆլիկտները, ուստի բնական է, որ պետություններն այսօր փորձում են իրենց զերծ պահել կամ պաշտպանվել նոր էսկալացիաներից։ Նրանց հարաբերությունները Ռուսաստանի հետ դարձել են ավելի զգուշավոր, ինչին զուգահեռ հետխորհրդային տարածքի որոշ երկրներն իրենց անվտանգության համար փնտրում են այլընտրանքային երաշխիքներ և հույս են կապում այլ դաշինքների հետ»,- ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ գլոբալ զարգացումները մեծապես կախված են նաև աշխարհագրական գործոնից, և այդ տեսակետից հետխորհրդային տարածքի արևելյան ու հարավային հատվածները դարձել են միջազգային քաղաքականության կորիզը։

«Կոնկրետ հարավկովկասյան երկրների քաղաքականությունն ավելի բազմաշերտ է։ Վրաստանը սերտորեն ինտեգրվել է եվրոպական կառույցներում, իսկ Հայաստանը դեռ չունի երաշխիքներ, որ կստանա ուղիղ աջակցություն եվրոպական երկրներից, եթե նրա տարածքային ամբողջականությունը վտանգվի։ Ադրբեջանն իր հերթին լիովին օգտվեց այն հանգամանքից, որ Ռուսաստանն իր հիմնական ուժերը կենտրոնացրել է ուկրաինական ճակատում, հետևաբար լուծեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը՝ տոտալ էթնիկ զտման ենթարկելով արցախահայերին, թեև մյուս կողմից պահպանեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությունը վիճահարույց տարածաշրջանում։ Որպես արդյունք՝ պատերազմից հետո Հայաստանը հետզհետե լքում է ռուսական տիրույթը, Մոսկվայի ազդեցությունը հետզհետե մարում է, որովհետև Ռուսաստանը կորցրել է տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորի դերակատարությունը և, որպես միջնորդ, այլևս ոչինչ չունի առաջարկելու Ադրբեջանին, որը զավթել է Լեռնային Ղարաբաղը, և ոչինչ չունի առաջարկելու նաև Հայաստանին, որը կորցրել է Լեռնային Ղարաբաղը և ստիպված անվտանգային երաշխիքներ է փնտրում հետխորհրդային տարածքից դուրս»,-նշեց Կովկասի ինստիտուտի տնօրենը։ 

«Chatham House» կազմակերպության «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսը նշեց, որ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմն այս տարածաշրջանում Արևմուտքի ազդեցության տարածման համար տվեց նոր խթան։ Այն կառույցները, որոնք ապահովում էին անվտանգությունը, պարզապես փլուզվեցին և Ռուսաստանն ու Թուրքիան առաջարկում են նոր ելքեր ստեղծված իրավիճակից։ 

«Եվրոատլանտյան դաշինքն իր հերթին հասկացավ, որ կարող է հետխորհրդային տարածքում ավելի արդյունավետորեն մրցակցել իր ազդեցությունը հետզհետե կորցնող Ռուասաստանի հետ, հետևաբար Հարավային Կովկասում նույնպես այդ մրցակցությունը սրվեց, ինչի արդյունքում տեղի երկրների ու Ռուսաստանի միջև կապը մասնատվեց։ Մասնատման ամենավառ օրինակն այն է, որ Մինսկի խումբն այլևս չի գործում։ Հարավկովկասյան զարգացումների մասին այսօր արդեն կարելի է խոսել ոչ միայն Ռուսաստան-Արևմուտք մրցակցության, այլ ավելի գլոբալ ու բազմաշերտ մրցակցության համատեքստում, որովհետև այս տարածաշրջանում առկա են ավելի շատ խաղացողներ։ Կոնկրետ Հայաստանը փորձում է խորացնել հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ՝ վարելով բազմակողմանի քաղաքականություն»,- ասաց Բրոերսը։

Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի Թուրքիայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի ավագ գիտաշխատող Վոյցիխ Գորեցկին էլ նշեց, որ Հարավային Կովկասի երկրների հանդեպ վերաբերմունքը միանշանակ տարբեր է, որովհետև Հայաստանը դիտարկվում է դեռ որպես պրոռուսական, Վրաստանը՝ արևմտամետ, իսկ Ադրբեջանը համարվում է մի երկիր, որը հավասարապես փորձում է հեռանալ երկու բևեռներից։ 

«Ղարաբաղյան առաջին պատերազմում Ռուսաստանն աջակցեց Հայաստանին, ինչից հետո Երևանն ակտիվորեն մասնակցեց ինտեգրացիոն գործընթացներին, որոնք նախաձեռնեց ռուսական կողմը, իսկ 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակն արմատապես փոխվեց։ Հարավային Կովկասն այսօր դարձել է գլոբալ խաղացողների մրցակցության հարթակ, որտեղ նրանք ոչ թե ձգտում են պրագմատիկ համագործակցության, այլ հետամուտ են իրենց շահերի սպասարկմանն  ու ազդեցության տարածմանը։ Այս միտումը հաշվի չի առնում ներքին քաղաքական դինամիկան՝ հանգեցնելով ճգնաժամային պահերի, մինչդեռ գլոբալ խաղացողները պետք է հաշվի առնեն նաև հարավկովկասյան երեք երկրների շահերը»,- նշեց Գորեցկին։

Հավելենք, որ գիտաժողովն անցկացվում էր «Ներգրավելով հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից։

  • Կիսվել: