ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Փաշինյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել, որ երկկողմ փոխգործակցությունը կրում է ինտենսիվ բնույթ: Վարչապետը նշել է, որ մեր երկիրն այժմ գտնվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման փուլում և անդրադարձել դրա նպատակներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և անդրադարձել բանակցային կարգավորման շուրջ իր դիտարկումներին ու տեսակետներին: Վարչապետը կարևորել է Արցախի քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում, ինչը կնպաստի կառուցողական մթնոլորտի ձևավորմանն ու բանակցային գործընթացին: 

ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: