երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիեւի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Պետրոսյան

Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիեւի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Պետրոսյան

Գյուղացիներն ասացին, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում. այսինքն Նիկոլ Փաշինյանի ասելով 90 տոկոս զիջումներ չեն լինելու, միայն մի հատված կա, որ քննարկվում է եկկողմանի փոխադարձ զիջման մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով այս պահին գտնվում է Ոսկեպարում, սակայն իրեն թույլ չեն տվել մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Նաեւ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եկեք դրան զուգահեռ նաեւ շրջանցիկ ճանապարհը կառուցենք՝ Ոսկեպար չհասած, դրոշի հատվածում: Գյուղացիները դրան չեն համաձայնել, ինքն էլ համաձայնել է, ասել է՝ լավ, չենք կառուցի ճանապարհը:

 

Եթե չեմ սխալվում, այդ հատվածում համաձայնության գալուց հետո պետք է լինեն երկկողմանի սահմանապահներ:

Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:

Պետրոսյանի խոսքով, կարելի է ասել, որ ոսկեպարցիները միանձնյա մի ամբողջ պետականության անկման գործընթացը կասեցրել են. «Եթե նրանք ոտի չկանգնեին, կանոնավոր բանակն էլ էր հետ քաշվելու, մնացածն էլ էր լինելու: Սա չի նշանակում, որ վտանգը չկա, բայց այս մարդիկ այս փուլում հաղթել են:

Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիեւի հետ, որ այս հատվածներում մնում ենք կանգնած նույն դիրքերում՝ գետի երկայնքով: Միայն այն հատվածը, որ սովետական ժամանակներում եղել է ադրբեջանական, մենք փոխանակում ենք: Այսինքն ճանապարհի հատվածը կմնա մեր վերահսկողության տակ, որ հանկարծ չլինի Ադրբեջանի կազմում, մյուս հատվածն էլ համարժեք կփոխանակենք: Բայց այս համաձայնությունն 90 տոկոսով է:

Այս պահին գյուղացիների պահանջները բավարարվել են, բայց եթե նրանք զգոնությունը թուլացնեն, իշխանությունը իր ծրագրերն ավարտին է հասցնելու»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպումը փակ է եղել, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել: Վարչապետը հանդիպում է ունեցել նաեւ Կիրանցում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։

  • Կիսվել: