շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք հույս ունենք, որ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան. Վրաստանի փոխարտգործնախարար

Մենք հույս ունենք, որ Երևանն ու Բաքուն համաձայնության կգան. Վրաստանի փոխարտգործնախարար

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի զարգացմամբ և իր վստահելի հարևաններին առաջարկում է բանակցությունների իր հարթակը։ Այս մասին Անթալիայում ընթացող Դիվանագիտական ​​ֆորումում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։

Նրա խոսքով, Թբիլիսիի համար կարեւոր է տարածաշրջանում խաղաղությունը, եւ վրացական կողմը հույս ունի, որ Երեւանն ու Բաքուն համաձայնության կգան, որից երկու կողմերն էլ կշահեն։

Դարսալիան նշել է, որ Վրաստանը տեսնում, հասկանում և հաշվի է առնում որոշակի դժվարություններ, որոնք առկա են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցություններում։ Այդ նպատակով Թբիլիսին ավելի վաղ հանդես էր եկել խաղաղ բարիդրացիության նախաձեռնությամբ և աջակցություն առաջարկել երկու երկրներին բանակցություններ վարելու հարցում. «Մեզ համար պարզ է, որ մենք պետք է խրախուսենք համագործակցությունը, այլ ոչ թե արտաքին խաղացողներին մեր ասպարեզ թողնենք»:

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, այդ իսկ պատճառով Թբիլիսին աջակցում է բանակցություններին և Հարավային Կովկասում կայունության հաստատմանը։

«Մի քանի ամիս առաջ մենք թարմացրինք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ դրանք հասցնելով ռազմավարական գործընկերության մակարդակի։ Մենք հավատում ենք, որ դա մեծ ներդրում կունենա տարածաշրջանում համագործակցության գործընթացում»,- ասել է նա։

  • Կիսվել: