չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Խաղաղության մեր օրակարգի պատճառով մեզ շատ հայհոյում են եւ բազում ստեր են ասում. Փաշինյան

Խաղաղության մեր օրակարգի պատճառով մեզ շատ հայհոյում են եւ բազում ստեր են ասում. Փաշինյան

Մի ուղերձ կա, որի հետ կապված մեր հարաբերությունները որոշակիորեն խաթարել ենք, կամ առնվազն ճշգրտելու անհրաժեշտություն ունենք եւ դա Հիսուս Քրիստոսի հետեւյալ ուղերձն է «Երանի խաղաղարներին, որովհետեւ նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն»:

Այս մասին Արտաշատում իր կուսակիցների հետ հանդիպման շամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: «Իհարկե, օրվա խորհրդով փորձում եմ ընդգծել մեր ընթացիկ օրակարգը եւ խաղաղության օրակարգի մասին խոսել նաեւ: Օրվա խորհուրդն ընդգծելով ուզում եմ նաեւ Լեռան քարոզի մի ուղերձի էլ անդրադառնամ, որում ասվում է «Երանի սգավորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարվեն»:

Ըստ էության սգավորները մենք ենք, որովհետեւ մենք սգում ենք մեր հազարավոր զոհերին, որոնք մենք ունեցել ենք պատերազմների ընթացքում: Ես կարծում եմ, որ խաղաղությունը կարող է լինել մեր մխիթարությունը եւ մեր մխիթարությունը կարող է լինել ՀՀ-ն, որը լինի անվտանգ, զարգացած, ազատ եւ երջանիկ: Լեռան քարոզի եւս մեկ ուղերձ, կարծում եմ, շատ համապատասխանում է մեր ընթացիկ իրավիճակին եւ  ընթացիկ գործունեությանը եւ այդ ուղերձը հետեւյալն է «Երանի ձեզ, երբ ձեզ հալածեն ու նախատեն եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ սուտ, չար խոսք ասեն»: Հիսուս Քրիստոսը այսպիսով խոսում է իր եւ իր հետեւորդների մասին եւ տեսնում եմ, որ խաղաղության մեր ձգտումների եւ խաղաղության մեր օրակարգի պատճառով մեզ շատ հայհոյում են, եւ բազում ստեր են ասում»,-ասաց Փաշինյանը, ըստ էության, իրեն համեմատելով Հիսուս Քրստոսի հետ:

Նրա խոսքով՝ ստերից ամենաարտահայտիչը այն խոսույթն է, որ ՀՀ կառավարությունըպատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղեր հանձնել Ադրբեջանին: 

 

«Դա որեւէ կապ չի կարող ունենալ իրականության հետ: Առիթ ունեցել եմ ասելու եւ այսօր էլ կասեմ, որ ՀՀ-ում երբեւէ չի եղել Կիզիլհաջիլի, Խեյրիմլի, Աշաղա Ասքիպարա, Բաղանիս Այրում անունով գյուղեր, որը չի կարելի շփոթել Բաղանիս գյուղի հետ»,- ասել է նա:

Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանն ասել է, որ իրենց կառավարությունը երբեւէ հավակնություն  չի ունեցել եւ այսօր էլ չունի նշված գյուղերի տարածքների վերաբերյալ: 

  • Կիսվել: