երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան

Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան

Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն ազգանունները պետք է պարզել, ես դրա մասին տեղեկություն չունեմ, դա կթողնեմ իմ հայ գործընկերներին և մասնագետներին: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է պարզել 1,5 մլն ցեղասպանված հայերի անուն ազգանունները և ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել։

Հարցին՝ ինչու է նման թեժությամբ այդ հարցը քննարկվում, նա պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այդ թեժության իմաստը չկա, որովհետև առնվազն իշխանության կողմից գործընթաց և որևէ պրոցես չկա, եթե առանձին մեր գործընկերներ խոսել են դրա մասին ես դրանից տեղյակ չեմ»։

Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն է որոշել, նա նշեց, որ պաշտոնապես ասում է՝ քաղաքական որևէ որոշում չկա և վարչապետի նման որոշում կամ դրա մասին խոսակցություն չկա:

Անդրադառնալով ապրիլի 24-ին ընդառաջ նման թեմա քննարկելուն՝ պատգամավորը նշեց․ «Եթե նույն տրամաբանությամբ գնանք, պետք է ասենք՝ այս նախաձեռնությունը ինչո՞ւ ապրիլի 24-ից առաջ տեղի ունեցավ, վստահ կարող եմ ասել՝ բազմաթիվ նման հարցեր ու հարցադրումներ կարող են լինել և կապ չունեն ապրիլի 24-ի հետ»։

Հարցին՝ հնարավո՞ր է պարզել 1,5 մլն հայի անուն-ազգանունները և ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել, նա ասաց, որ պատմաբան չէ և կարծում է՝ ցանկացած հարց այդ տիրույթում գտնվող մասնագետների շրջանակի, ինստիտուտների հետ պետք է քննարկվեն։

«Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում, ես դրա մասին տեղեկություններ չունեմ, դա կթողնեմ իմ հայ գործընկերներին և այն ինստիտւոտներին, որոնք գործում են, ես կարող եմ խոսել Եզդիների ցեղասպանության մասին»,- հայտարարեց նա։

Հարցին՝ միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա երբ մենք ասում ենք՝ պետք է հաշվենք, հասկանանք դրա թիվը քի՞չ է, թե՞ ավել, սա ի՞նչ է նշանակում, նրանց ջրաղացին ջուր լցնել չէ՞, նա ասաց․ «Որևէ մեկը որևէ պրոցես կասկածի տակ չի դնում և խնդրում և հորդորում եմ այդ թեզերից հեռու մնանք»։

  • Կիսվել: