հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատարն այցելել է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատարն այցելել է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Աբրամ Փեյլին այցելել է տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ 

Աբրամ Փեյլի X-ի իր էջի տեսաուղերձում, որը նկարահանվել է Երևանի Հանրապետության հրապարակում, ասել է, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի, պետեկամուտների կոմիտեի, կենտրոնական բանկի և ԱԳՆ ներկայացուցիչների հետ։

«Երևանում բովանդակալից  հանդիպումներ ունեցա Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման և Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հարցերով»,- ասում է նա։ 

Մեկ այլ գրառմամբ էլ Իրանի հարցով հատուկ հանձնակատարը տեղեկացրել է, որ ուղևորությունը դեպի Հարավային Կովկաս անցել է կառուցողական մթնոլորտում։

«Ես հանդիպեցի բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի հետ՝ քննարկելու իրանական ռեժիմի հարցը, պատժամիջոցների կիրառումը և ռեժիմի ապակայունացնող վարքագծին ուղղված շարունակական ջանքերը: ԱՄՆ-ն նպատակ ունի աշխատել մեր գործընկերների հետ՝ տարածաշրջանի համար դրական տեսլական զարգացնելու համար»,- ասվում է գրառման մեջ։

Հատկանշական է, որ Փեյլին Ադրբեջանում հանդիպում է ունեցել Հիքմետ Հաջիևի, փախարտգործնախարար Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի և Ադրբեջանում Իսրայելի դեսպանի հետ։ 

Նշենք, որ Աբրամ Փեյլին Վրաստանում հանդիպում է ունեցել փոխարտգործնախարարի, Կենտրոնական բանկի և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ 

  • Կիսվել: