երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկական կողմը բաց է նույնիսկ ամենաբարդ հարցերը բանակցությունների ընթացքում քննարկելուն․ Խանանդյան

Հայկական կողմը բաց է նույնիսկ ամենաբարդ հարցերը բանակցությունների ընթացքում քննարկելուն․ Խանանդյան

«Խաղաղության պայմանագրի մեր խմբագրումներում ամբողջ բովանդակությունը կառուցված է այն երեք սկզբունքների հիման վրա, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև: Իհարկե, Ադրբեջանը փորձում է հետ քայլ անել այս սզբունքներից և որոշակի սկզբունքներ փոխելով խախտել այդ սկզբունքների տրամաբանությունը, բայց այնուամենայնիվ մեր պնդումն այն է, որ այս երեք սկզբունքների շրջանակներում պետք է համաձայնագիրը ստորագրվի և տեքստը պետք է այդ շրջանակներում կազմվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Լրագրողի այն հարցին, թե, արդյո՞ք հիմա հույս կա խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ Խանդանյանն ասաց. «Հույսերը պահպանվում են, ինչպես միշտ հայկական կողմը բաց է նույնիսկ ամենաբարդ հարցերը բանակցությունների ընթացքում քննարկելուն, իսկապես խնդիրն Ադրբեջանի վարքագիծն է, երբ Ադրբեջանի վարքագիծը փոխվի, հույս կա, որ մոտ ապագայում հնարավոր կլինի դա անել: Եթե մենք մտածում ենք, որ պետք է խաղաղություն և կայունություն հաստատվի, դրանում շատ կարևոր կլինի սպառազինությունների վերահսկումը, որի վերաբերյալ հայտարարություններ են հնչել հայկական կողմից և երեկ նաև արտգործնախարարի կողմից: Մեր այս հայտարարությանն Ադրբեջանի արձագանքը նույնպես կարող է ցույց տալ, թե որոնք են Ադրբեջանի իսկական մտադրությունները: Աշխարհի բոլոր երկրները զինվում են, Հայաստանն էլ է զինվում, բայց մենք գիտենք, որ ՀՀ-ն զինվում է իր սահմանները պաշտպանելու համար և նման պայմանագրային երաշխիքը կարող է գործուն երաշխիք լինել նրա համար, որ երկրները վստահ լինեն, որ զենքը ձեռք է բերվում պաշտպանվելու նպատակով»:

Անդրադառնալով միջնորդական դերին՝ պատգամավորն ասաց. «Այս ընթացքում ռուսական միջնորդությամբ բանակցություններ տեղի չեն ունեցել, մյուս երկրների դեպքում մենք պարբերաբար ներկայացնում ենք մեր դիրքորոշումները, խոսում ենք Ադրբեջանի խոսույթի անընդունելիության մասին, այն գործընկերները, որոնք ներգրավված են բանակցություններում, նրանց համար հասկանալի է մեր ասելիքի տրամաբանական լինելը»:

  • Կիսվել: