երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանը խաղաղության եվրոպական գործիքակազմից օգտվելու առաջարկով դիմել է ԵՄ-ին

Հայաստանը խաղաղության եվրոպական գործիքակազմից օգտվելու առաջարկով դիմել է ԵՄ-ին

Վերջերս ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել սկսել աշխատանքը ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա՝ սահմանելով ավելի հավակնոտ առաջնահերթություններ բոլոր հարթություններում համագործակցության համար։

Այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

«Այստեղ խոսքն ավելի շատ քաղաքական հանձնառության, քաղաքական փաստաթղթի  մասին է, որն այս պահին գտնվում է մշակման փուլում, և ակնկալում ենք, որ մշակումը կամբողջանա մայիս-հունիս ամիսներին»,-հավելեց Եղոյանը՝ նշելով, որ Հայաստանը նաև դիմել է Եվրամիության խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով։

«Սա մեկ այլ անվտանգային գործիքակազմ է, որը տարբեր տեսակի աջակցություններ է տրամադրում պետություններին՝ սկսած տեխնիկականից, մինչև ոչ մահաբեր զինատեսակներ։ Այս հարցն այժմ գտնվում է քննարկման փուլում, և ես հույս ունեմ, որ Հայաստանը ևս մաս կդառնա այս գործիքակազմից օգտվողների ցանկի»,-ներկայացրեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը։

Նա անդրադարձ կատարեց Հայաստանի և Եվրամիության դիվանագիտական հարաբերությունների անցած ուղուն՝ ընդգծելով, որ  Հայաստանը հարաբերությունների շատ կարևոր մի փուլ է անցել 2000-ականներին, երբ Եվրամիությունն ունեցավ ամենամեծ ընդլայնումը, և միանգամից 10 արևելաեվրոպական պետություններ դարձան միության անդամ։

Այդ ժամանակ Եվրամիությունը մեկնարկեց նախ Եվրոպական հարևանության քաղաքականությունը, ապա նաև՝ Արևելյան գործընկերության ծրագիրը։

Հայաստանն, ըստ բանախոսի, երկուսին էլ մասնակից էր և Արևելյան

գործընկերության ձևաչափում բավականին ակտիվ աշխատանքներ է տարել։ Այս շրջանում է  ՀՀ կառավարությունը սկսել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները։

«Դրա կարևորագույն մաս էր համարվում «Ազատ առևտրի մասին» համաձայնագիրը։ Երեք տարի այս համաձայնագրի շուրջ բանակցելուց, այն ամբողջացնելուց, նաև Եվրոպական կողմի դրվատանքի խոսքերից հետո, որ Հայաստանն ամենաշատն է առաջընթաց արձանագրել այդ բանակցություններում, ամենալավ արդյունքներն է գրանցել, 2013 թվականի սեպտեմբերին հայտնի իրադարձությունների բերումով Հայաստանը  հրաժարվեց այս համաձայնագիրը ստորագրելուց և դարձավ այն ժամանակ Մաքսային Միության, հետագայում՝ Եվրասիական տնտեսական միություն։ Այնուամենայնիվ, Եվրամիության հետ բանակցությունները չդադարեցին, քանի որ հիմնական խնդիրը ասոցացման համաձայնագրի հետ կապված Ազատ առևտրի կտորն էր։ Բանակցությունները շարունակվեցին այդ հատվածը համաձայնագրից հեռացնելու վերաբերյալ և, ըստ էության, ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության գործող համաձայնագիրը, որը նույն ասոցացման համաձայնագիրն է՝ հանած ազատ առևտրի կտորը»,-ասաց Եղոյանը։

Նրա կարծիքով այդ համաձայնագիրը հայաստանյան հանրության, ինչպես նաև փորձագիտական շրջանակներում որոշակիորեն թերագնահատված է, մինչդեռ դրա բոլոր դրույթները բովանդակային, որակով իրականացնելուց հետո ՀՀ-ի եվրաինտեգրման գործընթացը մի քանի քայլ առաջ կգնա։

«Սա այն նույն համաձայնագիրն է, որ ունեն Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, բայց առանց ազատ առևտրի հատվածի։ Այստեղ կարգավորվում են և՛ օրենքի գերակայությանը, և՛ արդարադատությանը, և՛ նորմերին ու ստանդարտներին, և՛ կառավարմանը  վերաբերող հարցեր․ առողջապահություն, կրթություն, գրեթե բոլոր ոլորտները կան այս համաձայնագրում։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այս համաձայնագրի դրույթները, եթե նույնիսկ փոքր ինչ ուշացումով, ապա բարձր որակով կիրարկվեն»,-պարզաբանեց Եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավարը։

Նա շեշտեց, որ 2020 թվականից հետո Եվրամիությունը նկատելիորեն ավելի ակտիվացավ տարածաշրջանում և 2021 թվականին Հայաստանին առաջարկեց նոր տնտեսական և ներդրումային ծրագիր՝ ընդհանուր 2,6 միլիարդ եվրո աջակցության փաթեթով։ Այս պահի դրությամբ այս գումարից արդեն իսկ տրամադրվել է 550 միլիոն եվրո, որի մեծ մասը փոքր և միջին բիզնեսին աջակցող արտոնյալ վարկեր են։

Կապիտալ ներդրումների մասով ամենամեծ մասնաբաժինը՝ ավելի քան 1 մլրդ եվրո, վերաբերում է Հյուսիս-Հարավ մայրուղու Ագարակ-Սիսիան ճանապարհահատվածին։

Եղոյանը բարձր գնահատեց նաև Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում։

«Իհարկե, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում չեմ կարող չնշել Եվրոպական խորհրդարանի դերը, որը դրոշակակիրն է մեր հարաբերությունների զարգացման, լավարկման, խորացման»,-շեշտեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը։

  • Կիսվել: