հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով

Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով

Հայաստանն ինքը դեռ չի սահմանազատել Ադրբեջանի հետ սահմանը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պահանջները։

Նրա խոսքով, երբ Հայաստանում ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել իր պատասխանատվության գոտին երկրում, ապա Երեւանն ինքը դա չի որոշել։ Նա ուշադրություն է հրավիրել  Հայաստանի իշխանությունների հայտարարության վրա՝ Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում 1991 թվականի սահմանները հարգելու պատրաստակամության մասին, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում։

«Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Տավուշի մարզում չորս ոչ անկլավային գյուղերի մասին, որոնք պատրաստ է փոխանցել։ Նա այժմ այդ շրջանում համոզում է բնակչությանը, որ այլ կերպ վարվելը սխալ կլինի։ Իսկ 1991 թվականի սահմանը, որը Փաշինյանը ցանկանում էր, որ ՀԱՊԿ-ը հաստատեր ու պաշտպաներ, հաշվի չի առնվում»,- ասել է Լավրովը։

Այս սահմանները, ըստ նրա, սահմանազատման և միակողմանի քայլերի մասին խոսելու գործընթացում դառնում են «շարժական»։

«Ուստի նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը, ինչն ակտիվորեն անում է Հայաստանի ղեկավարությունը»,- ասել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը 2022 թվականին Երևանի գագաթնաժողովում լիովին համաձայնեցրել է մի փաստաթուղթ, և բոլոր նախարարները հավանություն են տվել դրան՝ սահմանների պաշտպանության համար լրացուցիչ զինատեսակներ փոխանցելու, հատուկ վարժանքների անցկացման և սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին։

«Բոլոր նախարարները, այդ թվում՝ Հայաստանի, հավանություն են տվել այս փաստաթղթին։ Իսկ հաջորդ առավոտյան, երբ վարչապետը բացեց գագաթնաժողովը, ասաց, որ կոնսենսուս չկա։ Բայց ԵՄ առաքելության շուրջ հայ հասարակության մեջ կոնսենսուս կար, որը խոստացվել էր երկու ամիս, հիմա անսահմանափակ է, կանադացիներն արդեն այնտեղ են, ՆԱՏՕ-ի մյուս անդամներն էլ են ուզում գնալ այնտեղ։ Սա այլևս Եվրամիության առաքելություն չէ, դա արդեն կլինի ՆԱՏՕ-ի առաքելություն»,- նշել է Լավրովը։

Համենայնդեպս, ըստ նրա, երբ ստորագրվեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու և Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչող փաստաթուղթը, դրանում ոչինչ չէր ասվում Ադրբեջանում հայ ազգային փոքրամասնության հատուկ իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին։

Ուստի, Լավրովի խոսքով, սխալ է ասել, թե հայերն այնտեղից հեռացել են ռուս խաղաղապահների անգործության պատճառով։

Նա հույս է հայտնել, որ շփումներ կլինեն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև, որտեղ այս բոլոր հարցերը կարող են քննարկվել առանց «արևմտյան չարակամների կողմից նետված» փաստարկների։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: