ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ հոկտեմբերի 7-ից պահվող պատանդների հարազատները Թել Ավիվում առավոտյան փակել են Իսրայելի գլխավոր՝ Այալոնի մայրուղին՝ պահանջելով պաղեստինցի բանտարկյալների հետ պատանդների փոխանակման և Ռաֆահում ցամաքային գործողությունը չեղարկելու շուրջ համաձայնագիր կնքել: Այս մասին գրում է Jerusalem Post-ը:

Ցուցարարները հայտարարում են. «Կա՛մ Ռաֆահ, կա՛մ պատանդներ. մենք ընտրում ենք կյանքը»:

Բողոքի ակցիայի տարածքում երկու մարդ է ձերբակալվել: Մեկը ձվեր է նետել ցուցարարների վրա, մյուսը հրաժարվել է ենթարկվել ոստիկանության պահանջին և հեռանալ տարածքից:

Մայիսի 1-ին The Times of Israel-ը, հղում անելով աղբյուրի, հաղորդել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայել ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ասել է, որ չի պատրաստվում դադարեցնել մարտական գործողությունները ՀԱՄԱՍ խմբավորման դեմ և հրաժարվել Ռաֆահում ռազմական գործողությունից։ Նեթանյահուն նաև ասել է, որ չի ընդունի Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու առաջարկությունը` որպես ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների շուրջ համաձայնագրի պայմաններից մեկը:

Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել է, որ Բլինքենը և Նեթանյահուն քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու և հակամարտության ընդլայնում թույլ չտալու ջանքերը: Բլինքենը նշել է, որ ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումն է խոչընդոտում հրադադարի հաստատմանը։

  • Կիսվել: