ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման ստույգ ժամկետ դեռևս չկա․ Մնացականյան

Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման ստույգ ժամկետ դեռևս չկա․ Մնացականյան

Բանակցային գործընթացը կարեւոր նշանակություն ունի։ Մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել ադրբեջանական կողմի հետ։ Վերջին ժամանակներս դիտարկված գործընթացների գնահատման աշխատանք կկատարենք, եւ առաջիկայում կկազմենք աշխատանքային պլան՝ հաշվի առնելով մեր ունեցած հանգամանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա նշեց, որ պետությունների ղեկավարների հանդիպումները շատ կարեւոր նշանակություն ունեն, սակայն դեռեւս չկա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ստույգ նշանակված ժամկետ։ Տվյալ փուլում աշխատանքը կենտրոնացած է արտգործնախարարների մակարդակում։

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում Հայաստանում, նախարարը պատասխանեց, որ չէր ուզի գերագնահատել կամ թերագնահատել յուրաքանչյուր երկրի դերը այդ ամենի մեջ։ Մնացականյանն ասաց. «Մեզ համար առաջնային խնդիրներ են մնում տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաեւ մարտահրավերները, որոնք վերաբերում են անմիջապես մեր անվտանգությանը։ Այդ հարցով մեր գնահատականն արդեն հնչել է, մենք ներգրավված ենք իրավիճակի գնահատման եւ իրադարձությունների հնարավոր զարգացման գործում, որոնք վերաբերում են անվտանգության հարցերին, կայունության հաստատման անհրաժեշտությանը եւ լարվածության աճի բացառմանը» ։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է 2020թ․ հունվարի վերջին։

  • Կիսվել: