երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստան-Հունաստան ռազմատեխնիկական համաձայնագրի վավերացումը հավանության արժանացավ կառավարության կողմից

Հայաստան-Հունաստան ռազմատեխնիկական համաձայնագրի վավերացումը հավանության արժանացավ կառավարության կողմից

Կառավարությունը հավանություն տվեց 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կդիմեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

ՍԴ-ի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած հիմնավորման՝ Հայաստան-Հունաստան քաղաքական երկխոսության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համար, հետևաբար, Հայաստանը մեծապես կարևորում է նաև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանն ուղղված ջանքերը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-Եվրոպական Միություն, Հայաստան-ՆԱՏՕ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում:

«Հայաստանը՝ որպես «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետություն, արժևորում է նաև Հունաստանի գործուն դերակատարությունը ՀՀ-ՆԱՏՕ երկխոսության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ խաղաղապահության բնագավառում համագործակցության տեսանկյունից: ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես են գալիս դեռևս 2004 թվականի փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո՝ հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու»,- նշված է հիմնավորման մեջ։

Հայաստանի և Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև առկա է երկխոսության բարձր մակարդակ, կանոնավոր բնույթ են կրում նաև խորհրդակցությունները, իսկ տարբեր մակարդակներում պարբերաբար կատարվող փոխադարձ այցերը և շփումներն ուղղված են երկխոսության շարունակաբար ընդլայմանը և փոխշահավետ, բազմաոլորտ համագործակցության նոր ուղղությունների նախանշմանը:

2018 թվականին հայկական կողմը առաջարկել է հունական կողմին միջպետական մակարդակով կնքել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» Համաձայնագիր, ինչին ի պատասխան,  հունական կողմը պատրաստակամություն է հայտնել այն միջպետական մակարդակով ստորագրելու համար:

Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:

Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն  ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ:

Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:

Համաձայնագրի շրջանակներում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվության տրամադրման համար  կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց՝ երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով:

Համաձայնագիրն իրականացնելու և համագործակցությունը դյուրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային  ժամանակացույցի հաստատում:

Համաձայնագրի վավերացումը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու ռազմատեխնիկական բնագավառում միջազգային համագործակցությունը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ժամանակակից սպառազինության, ռազմական և այլ տեխնիկայով համալրմանը և հեռանկարային զարգացման համար հնարավորությունների և կարողությունների ստեղծմանը:

  • Կիսվել: