շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գործադիրը հաստատել է ՀՀ 2024-2026 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Գործադիրը հաստատել է ՀՀ 2024-2026 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ, միջնաժամկետ հատվածում կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ: Մասնավորապես՝ նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդնում, ինչը կապահովի քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը: Նախատեսվում է աշխատանքային և այլ կենսաթոշակների բարձրացում՝ ապահովելով նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղի, իսկ միջին թոշակը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին մոտարկումը, նվազագույն աշխատավարձերի աստիճանական բարձրացում, ընտանեկան/ անապահովության նպաստների համակարգի բարելավում, 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցության ծավալների ավելացում, առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի առաջանցիկ աճ ՀՆԱ-ի նկատմամբ, հանրակրթական դպրոցների ֆինանսավորման համակարգի վերանայում՝ ամբողջությամբ անցում կատարելով դասարան-թվով ֆինանսավորման նոր մոդելին, հանրակրթական դպրոցների ուսուցիչների, նախնական և միջին մասնագիտական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման արդյունքում ուսուցիչների աշխատավարձերի շեշտակի աճի ապահովում: Նախատեսվում են նաև մինչև 2026թ-ը առնվազն 500 մանկապարտեզների և 300 դպրոցների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման՝ ՀՀ կառավարության ծրագրով սահմանված թիրախի ապահովում՝ այդ թվում ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, շարունակվելու են ջրային պաշարների մակերևութային հոսքի կառավարման նպատակով ջրամբարաշինության ծրագրերը, որի արդյունքում կապահովվի ջրային ռեսուրսների պաշարների ավելացում և ջրային հոսքերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, շարունակվելու են ՀՀ-ում ճանապարհային ցանցի զարգացմանն ուղղված՝ տարեկան առնվազն 500կմ ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացումը, կշարունակվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը և այլն: Վերոհիշյալ նպատակներն ու թիրախներն ապահովելու նպատակով, միջնաժամկետ հատվածում ՀՀ կառավարությունը շարունակելու է թիրախավորել երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7% մակարդակում։ Միջնաժամկետում կանխատեսվող բարձր տնտեսական աճի պայմաններում, հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության շարունակական բարելավում՝ 2023թ. 0.8, իսկ միջնաժամկետում տարեկան 0.75 տոկոսային կետով (որից 0.5 տոկոսային կետի չափով հարկային վարչարարության, և 0.25 հարկային քաղաքականության բարեփոխումների ազդեցությունները), 2026թ․ այն հասցնելով 25.7%-ի՝ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մինչև 2026թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշն առնվազն 25.0% մակարդակին հասցնելու թիրախին համահունչ:

Նիկոլ Փաշինյանը Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համարել է չափազանց կարևոր փաստաթուղթ, որի հանրային իրազեկման համար առավել ակտիվ աշխատանքներ պետք է իրականացվեն. «Կարող եմ ասել, որ Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը քաջալերող է, որով, ըստ էության, 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում տրված նախընտրական խոստումների իրականացումն ենք ապահովում»:

  • Կիսվել: