երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Եվրոպական ածխի և պողպատի միության պահը հասունացել է Հարավային Կովկաս տարածաշրջանի համար». դեսպան Բալայան

«Եվրոպական ածխի և պողպատի միության պահը հասունացել է Հարավային Կովկաս տարածաշրջանի համար». դեսպան Բալայան

Ապրիլի 3-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ «ԵՄ նոր քաղաքականությունը Հարավային Կովկասում․ անվտանգության ապահովում էներգիայի և հաղորդակցության միջոցով» խորագրով կլոր սեղան-քննարկումը՝ Եվրոպական լիբերալ ֆորումի նախաձեռնությամբ և Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի հովանավորությամբ, որին մասնակցում էր դեսպան Տիգրան Բալայանը։ Այդ մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Պատգամավոր Լուազոն իր ելույթում նշեց, որ չնայած Հայաստանն առերեսվում է անվտանգային, տնտեսական և էներգետիկ մարտահրավերների, սակայն երկիրն ընտրել է ժողովրդավարության և բարեփոխումների անդառնալի ուղին։ Ողջունեց Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված վերջին բանաձևը, որը վերաբերում էր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների որակապես նոր մակարդակին և Հայաստանի՝ ԵՄ-ին հետագա ինտեգրացիային։

Իր խոսքում դեսպան Բալայանը նշեց, որ եթե Հարավային Կովկասի բոլոր երկրները ցուցաբերեն քաղաքական կամք, ապա հաղորդակցությունը և էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կարող է դառնալ Եվրոպական ածխի և պողպատի միության նախագծի նմանությամբ մեկնարկային կետ տարածաշրջանի համար։ Այս համատեքստում Տիգրան Բալայանն ավելացրեց, որ քանի դեռ Բաքվում գերիշխում են ռազմատենչ ու բռնապետական աշխարհայացքը, միջազգային իրավունքի և դրա մաս կազմող Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումների անտեսման քաղաքականությունը՝ այդ տեսլականը իրագործելի չէ։ Հայաստանի դեսպանը մատնանշեց Ադրբեջանի նկատմամբ ԵՄ գործադիր մարմինների կողմից հետևողական քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտությունը։

Դեսպան Բալայանը նաև անդրադարձավ Հայաստանի համար Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությանը և համապարփակ ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Քննարկմանը ներկա էին նաև հետազոտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների մի շարք վերլուծաբաններ, որոնք միաձայն պնդեցին, որ հարկավոր է Ադրբեջանին սանձել, և ԵՄ-ն պետք է որդեգրի առավել հստակ դիրքորոշում Ադրբեջանի նկատմամբ, որը խախտում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, մարդու իրավունքները և միջազգային իրավական կարգը»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: