երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե այսօրվա իշխանությունը լիներ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այն ժամանակ էլ էինք պարտվելու. Սեյրան Օհանյան

Եթե այսօրվա իշխանությունը լիներ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այն ժամանակ էլ էինք պարտվելու. Սեյրան Օհանյան

Վազգեն Սարգսյանը որպես առաջնորդ միասնականության խորհրդանիշ է եւ նրա կերպարի մեջ մենք պետք է տեսնենք մեր բոլոր մարտական ընկերներին, այստեղ հանգչող բոլոր հրամանատարներին ու զինվորներին: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այնտեղ, որտեղ Վազգեն Սարգսյանն էր հայտնվում, այնտեղ միանշանակ մթնոլորտ էր ձեւավորում, համախմբվում էին եւ պատրաստ էին գործելու, աշխատելու, պայքարելու:

Մենք Վազգեն Սարգսյանի ժամանակ ձեռք ենք բերել արժեքներ, որոնք պետք է պահպանել: Հենց այնպես ոչինչ չի լինում, պետք է պայքարել: Եթե մենք թույլ լինենք, հակառակորդը, այսօրվա տարածաշրջանի դերակատարները, թուրք-ադրբեջանական տանդեմը անընդհատ մեզ ճնշելու են, իսկ այսօր մենք այդ թուլությունը տեսնում ենք ՀՀ իշխանությունների մոտ: Նրանք ժողովրդին համոզում են, որ պետք է համակերպվել: Ես առավել քան վստահ եմ, որ եթե այսօրվա իշխանությունները լինեին արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այն ժամանակ էլ էինք մենք պարտվելու:

Վազգեն Սարգսյանի ժամանակ մենք ֆիդայական ջոկատներից ձեւավորել ենք կանոնավոր բանակ, նրանց զինել ենք: Այդ սպառազինության մեծ մասը ձեռք ենք բերել մեր ռազմավարական գործընկերներից: Այն ժամանակ էլ որեւէ արգելք չի եղել որեւէ երկրից ձեռք բերել սպառազինություն, եւ որքան հնարավոր է եղել, կարողացել ենք ձեռք բերել: Մեր սպառազինության զգալի մասը մենք ուղղակի խլել ենք հակառակորդից որպես ավար՝ մարտական գործողությունների ժամանակ»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, այս իշխանությունների ժամանակ այդ կանոնավոր բանակը դարձավ անկանոն կազմակերպություն. «Այլ կերպ չի կարելի ասել, երբ երկրի վարչապետն ասում է՝ ով ինչ ունի տան, թող վերցնի, գնա մարտական գործողություններին մասնակցի: Մոբիլիզացիա չկազմակերպվեց եւ բանակին թիկունք չկանգնեցին: Ի վերջո, այն սպառազինությունը, որ մենք ձեռք էինք բերել ռազմատեխնիկական համագործակցությամբ եւ որպես ավար, որպես ավար հանձնվեց հենց նույն հակառակորդին:

Ու երբ այսօր գալիս են, ձեւական ծնկի են իջնում սպարապետի շիրիմի առջեւ, դրա փոխարեն իրենք պետք է ամրապնդեին մեր բանակը, մեր պաշտպանությունը:

Այսօր այցելելով սպարապետի շիրիմին, մենք ասում ենք՝ քո գործը անմար է եւ մենք շարունակելու ենք, իսկ այսօրվա իշխանությունները խոստովանում են Սպարապետին՝ Սպարապետ, քո ամեն ինչը, քո ձեռքբերումները, քո սարքածը մենք քանդել ենք եւ այսօր էլ ծնկի իջած կերպով հանձնվում ենք հակռակորդի պահանջներին»,-ասաց Սեյրան Օհանյանը:

  • Կիսվել: