հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ-ն պետք է Ադրբեջանին պարտադրի բացել Լաչինի միջանցքը․ Սեյրան Օհանյան

ՌԴ-ն պետք է Ադրբեջանին պարտադրի բացել Լաչինի միջանցքը․ Սեյրան Օհանյան

Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այն համոզմանն է, որ միջազգային հանրությունը, իսկ առաջին հերթին Ռուսաստանը, պետք է գործնական հստակ քայլեր ձեռնարկեն՝ պարտադրելու Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:

 Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ռուսական Կարմիր Խաչի միջոցով Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռնատարի մուտքին:

«Որքան էլ ասենք, որ Արցախի ժողովրդի ոգին բարձր է և նրանք տրամադրված են պայքարելու, այնուամենայնիվ, այնտեղ հումանիտար ճգնաժամ է: Եվ նման քայլերը կարող են նվազեցնել այդ հումանիտար ճգնաժամի ազդեցությունը: Մանավանդ, որ Ակնայով բեռնատարի մտնելուց հետո,  ըստ պայմանավորվածության, Լաչինի միջանցքը պետք է  ամբողջությամբ բացվի»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա շեշտեց՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի միջազգային հանրությունը Ադրբեջանին պարտադրի բացել Լաչինի միջանցքը:

«Քանի որ ռուսական մեքենան է անցել Ակնայով, կարծում եմ, որ նաև այդ հարցը կարելի է դնել Ռուսաստանի իշխանությունների առջև, որ իրենք էլ գործնական, հստակ քայլեր ձեռնարկեն՝ Ադրբեջանի պարտադրելու բացել միջանցքը »,-ասաց խմբակցության ղեկավարը:

Խոսելով Լաչինի միջանցքի գործարկումից հետո այն բաց պահելու երաշխիքների մասին՝ Օհանյանն ընդգծեց. « Հայաստանի  և Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լուրջ աշխատանք տանեն նաև միջազգային երաշխիքների ուղղությամբ»:

Օհանյանը Ադրբեջանի հետ հարաբերությունները, խաղաղության օրակարգը կեղծ է համարում՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ամեն պահի կարող է խախտումներ իրականացնել, հետևաբար կարևոր է միջազգային երաշխիքների ուղղությամբ աշխատանքը։

  • Կիսվել: