երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես ուրախ եմ, որ այս պահին վերսկսվել են բանակցությունները․ Խանանադյան

Ես ուրախ եմ, որ այս պահին վերսկսվել են բանակցությունները․ Խանանադյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ենթադրում է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների ընթացքում եղել են որոշակի հոդվածներ, որոնք ընթացքում համաձայնեցված են եղել, բայց հետագա խմբագրումներում Ադրբեջանը հետ է կանգնել համաձայնությունից։

«Մենք շարունակաբար պնդել ենք, որ համաձայնեցված հոդվածների շուրջ համաձայնությունները պետք է պահպանվեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ըստ Խանդանյանի՝ շատ կարևոր է, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները տեղի ունենան ոչ թե օնլայն ռեժիմով, այլ՝ դեմ առ դեմ։

Խանդանյանի գնահատմամբ՝ բացահայտում չէ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ։

«Մեր բանակցությունների ամբողջ իմաստն էլ այն է, որ լարվածությունը նվազեցվի ու բանակցային համագործակցության որոշակի շրջանակ ձևավորվի, որից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում կայունություն հաստատել»,- ասաց պատգամավորը։

Սարգիս Խանդանյանը նշեց, որ բանակցություններում առաջընթաց չգրանցելն անընդհատ մտավախություն է առաջ բերում, որ հնարավոր է լարվածության աճ։

«Բայց ես ուրախ եմ, որ այս պահին վերսկսվել են բանակցությունները»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ Բեռլինում այսօր և վաղը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

  • Կիսվել: