երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատավորների նկատմամբ վարչական ճնշումները նվազել են. դիտարկումներ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ

Դատավորների նկատմամբ վարչական ճնշումները նվազել են. դիտարկումներ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ

«Հույս ունեմ, որ սահմանադրական լուրջ փոփոխությունների հանրաքվե կանցկացվի, ավելի արդար դատական համակարգ կունենանք»,-այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում, խոսելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, ասաց ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը:

«Իրավական համակարգը Հայաստանում դարձել է առանձին մարդկանց խումբ և որևէ ձևով ժողովրդի կողմից ընտրված չէ»,-հավելեց նա:

Խոսելով այն մասին, թե արդյոք դատավորների նկատմամբ այսօր կա՞ն ճնշումներ, թե ոչ, Սադոյանը նկատեց, որ դրանք մեծապես պակասել են:

Ասուլիսի մյուս բանախոս, ԱԺ նախկին պատգամավոր (ՀՀԿ) Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ բոլոր ժամանակներում՝ սկսած կոմունիստներից, եղել են թե՛ ազնիվ, թե՛ կոռումպացված դատավորներ:

«Համակարգը պիտի փոխվի, մեր դատական համակարգը մեր ազգային մենթալիտետին, հեղափոխական մտածելակերպին պիտի հարմարեցվի, իսկ դատավորների նկատմամբ ճնշումներ միշտ եղել են, կան ու կլինեն, սակայն վարչական ճնշումներ այսօր չեմ նկատում, որ իշխանությունները դատավորների նկատմամբ կիրառեն: Ավելի շատ մեր մենթալիտետն է՝ կաշառք և այլն, այդ առումով համապատասխան ճնշումներ կան, իսկ վարչական ճնշումը քչացել է»,-ասաց Ալեքսանյանը:

Հոգեբան Սամվել Խուդոյանը հարցին մոտեցավ մասնագիտական տեսանկյունից՝ հոգեբանական, և նշեց, որ ժողովրդի մեծ մասը չի հասկանում՝ որքանով է օրինական հանրաքվեն, կամ Սահմանադրական դատարանի հետ կապված փոփոխություններն ինչ են ենթադրում:

Այս առնչությամբ նա նշեց, որ մարդիկ վստահում են Նիկոլ Փաշինյանին և Հրայր Թովմասյանին ու ՍԴ անդամներին կապում են նախկին իշխանության հետ, ուստի վերաբերմունքն էլ նրանց նկատմամբ համապատասխանաբար փոխվում է:

Խուդոյանը նշեց նաև, որ երբ խոսվում է օրենք խախտելու մասին, չի բացատրվում, թե ինչպես է այս կամ այն մարդը խախտել օրենքը, ինչն էլ ժողովրդի շրջանում անորոշություն է առաջացնում:

 

  • Կիսվել: