կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին՝ ամբողջությամբ

Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին՝ ամբողջությամբ

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին՝ ամբողջությամբ.

«Մեծարգո՛ նախարար, 

Իմ լավ բարեկամ Կոնստանտինոս, 

Պատվիրակության հարգելի՛ անդամներ, ներկաներ, 

Ուրախ եմ այսօր ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների, փոխըմբռնման, համերաշխության և երկար պատմության վրա, նաև բարձր մակարդակի շփումները մեր տարբեր գործակալությունների, նախարարությունների միջև պարբերական շփումներն, անշուշտ, ավելի են ամրապնդում այդ կապերը, և պետք է ասել, որ մենք Կիպրոսի հետ ունենք բավականին հարուստ երկկողմ օրակարգ, մենք նաև համերաշխ և գործընկերային հարաբերություններ ենք վայելում միջազգային տարբեր ձևաչափերում և միջազգային հարթակներում: 

Հարգելի՛ ներկաներ,

Այսօր իմ գործընկերոջը երախտիք եմ հայտնել այն աջակցության համար, որը մենք ստացել ենք Կիպրոսից և շարունակաբար ստանում ենք գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության մակարդակով բոլոր զգայուն հարցերում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված, ինչպես նաև երախտիք եմ հայտնել Լեռնային Ղարաբաղից փախստականներին ցուցաբերված օգնության համար. ինչպես գիտեք, նրանից 30-ը հնարավարություն ունեցան նաև ապաքինվել Կիպրոսում, և ընդհանրապես այն աջակցության համար, որը մենք մշտապես ստանում ենք միջազգային հարթակներում Կիպրոսի կողմից: 

Ուրախությամբ կարող եմ ասել, որ մենք որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում հնարավոր ամենամոտ ապագայում. մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի, վստահ եմ, որ ամենալուրջ դիվանագիտական ներկայությունը, պաշտոնական ներկայությունը՝ ներկայությունը մայրաքաղաքներում, միմիայն կկարողանա խրախուսել և նպաստել հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը: 

Ավելորդ չեմ համարում նշել, որ մենք հիանալի համագործակցություն ունենք ոչ միայն արտաքին գործերի նախարարությունների միջև և ընդհանուր առմամբ գործադիր իշխանությունների միջև, այլև խորհրդարանների մակարդակով:

Անշուշտ, աջակցությունը, որի մասին ես խոսեցի, զգալի է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարթության վրա, ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը խորացնում է իր հարաբերությունները Եվրոպական միության հետ, մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը, բայց ինչպես գիտեք, ԵՄ հետ համատեղ մենք հիմա փորձում ենք տեսնել ինչ նոր գործիքներ և մեխանիզմներ կարող են ավելացվել մեր՝ Հայաստան-ԵՄ օրակարգում. մի քանի գործիքների մասին հրապարակավ առիթներ ունեցել ենք խոսելու, այդ թվում՝ օրինակ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին:      

Հարգելի՛ ներկաներ,

Բնականաբար ես գործընկերջոս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները: Ուզում եմ միանգամից ասել՝ Հայաստանի դիրքորոշումը նույնն  է, և Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին: Եվ, ինչպես գիտեք, այստեղ կան մի շարք առանցքային հարցեր, բայց թերևս ամենաառանցքայինն ու կարևորը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է և հետագա սահամանզատման գործընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և դրանով սահմանվող սկզբունքների վրա, ըստ այդմ՝ 1991 թվականի սահմանագծի. մի սկզբունք, որի շուրջ և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ պայմանավորվածություն կրկին ձեռք են բերել, իրենց հավատարմությունն այս հռչակագրին վերահաստատել են, օրինակ՝ Պրահայում, Սոչիում, Բրյուսելում և այլուր: Մենք կարծում ենք, որ խաղաղության հաստատումը այս սկզբունքով մեր տարածաշրջանում ոչ միայն քաղաքական առումով նպաստավոր կլինի երկրների համար, այլև տնտեսական մեծ շահավետություն կներկայացնի իրենից: Հենց այս ըմբռնումով է, որ մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, համաձայն որի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են ապաշրջափակվել՝ իհարկե գիտակցելով, որ Հայաստանի ենթակառուցվածքները պետք է մնան Հայաստանի Հանրապետության և, բնականաբար Ադրբեջանինը՝ Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, գործեն երկու երկրների իրավազորության ներքո, և, իհարկե, բոլոր պայմանավորվածությունները պետք է լինեն փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա:

Ինչպես գիտեք, մենք այս թեմաներով շարունակում ենք աշխատել Ադրբեջանի հետ, և առաջընթացի դեպքում, իհարկե, բոլորդ էլ տեղյակ կլինեք:

Սիրելի՛ գործընկեր,

Շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ անգամ այցի համար: Գիտեմ Ձեր բազմազբաղ գրաֆիկը, գիտեմ նաև Ձեր տարածաշրջանում առկա լրջագույն մարտահրավերները, գիտեմ նոր մարտահրավերները, նախաձեռնությունները, որտեղ Կիպրոսը փորձում է օգտակար լինել տարածաշրջանում հանգուցալուծումների ուղղությամբ: Եվ այդ շրջանում ժամանակ եք գտել նաև կրկին Ձեր գործընկերներին և Ձեր ընկերներին այստեղ այցելել, ինչի համար շնորհակալ եմ: Բարի գալուստ»:

***

Հարց («Արմենպրես» լրատվական գործակալություն, Աննա Գրիգորյան). Հարցս ուղղում եմ Կիպրոսի արտաքին գործերի նախարարին: Պարո՛ն նախարար, Դուք խոսեցիք տարածքային ամբողջականությունը հարգելու մասին: Ինչպես գիտեք, Ադրբեջանը տևական ժամանակ է, ինչ խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տարածաշրջանն ապակայունացնելու փորձեր ենք տեսնում: Ի՞նչ եք կարծում, միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպական միությունը, անդամ երկրները, Կիպրոսը, ի՞նչ անելիք ունեն կանխելու հնարավոր սրացումը: Շնորհակալ եմ։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Թեև հարցը ինձ չէր ուղղված, այնուամենայնիվ, շարունակելով գործընկերոջս` ուզում եմ մի փոքրիկ հավելում անել կամ պատասխանել հայկական կողմից ևս: Իհարկե, մենք հետագա կայունության ապահովման կամ երաշխավորման մեխանիզմների շուրջ աշխատում ենք, բայց ուզում եմ ասել, որ այս պահին արդեն և վաղուց արդեն Հայաստանում է Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը: Պետք է ասեմ, որ տեղակայման պահից ի վեր այս առաքելությունը զգալի և էական դեր է խաղացել ողջ սահմանագծի երկայնքով կայունության պահպանման ուղղությամբ, և նաև առիթ ունեցել ենք արդեն ողջունելու Եվրոպական միության որոշումը ընդլայնելու առաքելության մանդատը, թվակազմը:    

Հարց («Ազատություն» ռադիոկայան, Աստղիկ Բեդևյան). Շնորհակալություն, պարո՛ն Միրզոյան, հարցս շատ հետաքրքրող է և մի քանի ենթահարցեր ունի: Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ Հայաստանը տեղեկացրել է Մոսկվային, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները պետք է ծառայություն իրականացնեն, խոսքը միայն ֆիզիկակա՞ն ներկայության մասին է, թե՞ օրինակ մեկնող-ժամանողների բազային ևս ռուսական կողմը չպիտի ունենա հասանելիություն: Եվ խոսքը «Զվարթնոցու՞մ» ծառայության մասին, թե՞ մյուս կետերում ևս Հայաստանը հրաժարվում է ռուս սահմանապահների ծառայությունից, այդ թվում՝ օրինակ հայ-թուրքական սահմանին։ Ե՞րբ և ինչպե՞ս է տեղեկացվել ռուսական կողմին, ի՞նչ արձագանք կա և ե՞րբ ռուսները կփոխարինվեն։ Շնորհակալ եմ:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Շատ լավ, պետք է գնահատել հարցի վերաբերելիությունը Հայաստան-Կիպրոս հարաբերություններին, բայց քանի որ մենք շատ հաճախ առիթներ չենք ունենում շփվելու, բնականաբար, ես կպատասխանեմ Ձեր հարցին։ Այո, ռուսական կողմը տեղեկացվել է հայկական կողմի այս նախաձեռնության մասին, ես ուզում եմ ընդգծել, որ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ օրինակ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա: Եվ երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը, բնականաբար, ամբողջությամբ կիրականացնի Հայաստանն՝ իր պատկան մարմինների միջոցով։ Եվ ահա, հիմա մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և այս մասին ծանուցել ենք ռուսական կողմին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցը այդքանով կլուծվի: Դուք հարցրեցիք մասնակցության չափի մասին, ես որքան գիտեմ ամեն-ինչ տեղում է արված և իհարկե հարցը հասկանալիորեն տեխնիկական կողմեր ունի, բայց, այո՛, խոսքը ամբողջ փաթեթի, եթե կարող ենք այդպես անվանել, լիազորությունների ամբողջական կատարման մասին է։ Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում՝ իհարկե, շնորհակալություն հայտնելով:

Արձագանք («Ազատություն» ռադիոկայան). Իսկ ե՞րբ եք դիմել:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Տեսե՛ք, ծանուցումն արվել է համապատասխան ծառայությունների միջոցով, ինքս գուցե հիմա ճիշտ չներկայացնեմ տեխնիկական մանրամասները, բայց կարծում եմ, որ մեծ ժամկետների մասին չի խոսքը: Հայտարարությունը եղել է միայն «Զվարթնոց» օդանավակայանի մասին, հետևաբար, խոսում ենք «Զվարթնոցի» մասին»:

  • Կիսվել: