երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ապրելու երկիր»-ը կարծում է, որ Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում, որտեղ կունենա էական առաջխաղացում

«Ապրելու երկիր»-ը կարծում է, որ Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում, որտեղ կունենա էական առաջխաղացում

«Ապրելու երկիր» կուսակցությունն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ սահմանազատման աշխատանքները կարող են սկսվել Տավուշից:
 
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանազատման աշխատանքները, ըստ էության սկսվելու են Տավուշի մարզից։ Սա, փաստացի, երկու ամիս առաջվա Ալիևի հայտարարության կրկնությունն է, ըստ որի, սահմանազատման հանձնաժողովը քննարկում է մեկ հարց՝ Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը։
 
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածը Արցախյան վերջին պատերազմի հետ որևէ առնչություն չունի և այս 30 տարիների ընթացքում էական փոփոխությունների չի ենթարկվել։ Սահմանի մնացած հատվածը (առանց Նախիջևանի մասի) ձևավորվել է 2020թ. պատերազմից հետո և վերջին տարիների ադրբեջանական ագրեսիայի արդյունքում այդ հատվածում Ադրբեջանն ունի էական առաջխաղացում։
 
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում։ Արդյունքում, այդ հատվածում էլ կունենա էական առաջխաղացում՝ հետագայում հավերժ ձգձգելով սահմանի՝ մեզ համար կարևոր հատվածի սահմանազատումը։
Հայաստանը պետք է հստակեցնի սահմանազատման իր սկզբունքները՝ գործընթացը սկսելով այն հատվածներից, որտեղ վերջին տարիներին ռազմական գործողությունների արդյունքում առկա է ադրբեջանական զորքերի առաջխաղացում։
 
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ի զորու չեն այս գործընթացում ևս արձանագրել հայանպաստ լուծումներ, հետևաբար, հրավիրում ենք նաև միջազգային հանրության աջակցությունը, մասնավորապես գործընթացում կարևորելով ԵԱՀԿ կողմից հրապարակված «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում. մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցում (osce.org/files/f/documents/9/2/363466.pdf) առկա սկզբունքները և մոտեցումները»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ։

  • Կիսվել: