երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վրաստանում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել

Վրաստանում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել

Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում՝ Ճիճինաձե փողոցում, ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև ֆիզիկական բախում է տեղի ունեցել, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ հանրահավաքի մասնակիցներն ասել են, որ իրավապահները փորձում են ստիպել իրենց լքել Ճիճինաձեի փողոցը, որտեղ գտնվում են այժմ։

«Արդեն ձեռքերը թափահարում են, խուլիգանության են անցել։ Մենք դա թույլ չենք տա։ Այսօրվա գիշերն այլ կերպ կավարտվի, ես դա խոստանում եմ վրաց բնակչությանը»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը։

Տեղում ներկա են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Նիկա Մելիան, Նիկա Գվարամիան, Սոփո Ջափարիձեն և այլք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ։ Արդեն երկրորդ օրն է, ինչ վրացական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքում են իշխող կուսակցության՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ռուսաստանյան նմանակն  ընդունելու մտադրության դեմ:

  • Կիսվել: