կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել լիբանանյան Բաալբեկ քաղաքին՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի հարվածների

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել լիբանանյան Բաալբեկ քաղաքին՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի հարվածների

 Լիբանանում հայտնել են, որ Բաալբեկ քաղաքը և նրա շրջակայքը տուժել են Իսրայելի ավիահարվածներից: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Լիբանանի պետական ​​լրատվական գործակալության՝ հարվածներից մեկը հասցվել է Բաալբեկից հարավ գտնվող Անսարի բնակելի շենքին:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ տուժել են մերձակա Շամսթար և Տարայա բնակավայրերը: Լիբանանյան «Ալ Ջադիդ» հեռուստաալիքը հայտնել է, որ հարված է հասցվել ձիթայուղ արտադրող ֆաբրիկային: Հաղորդվում է մեկ զոհի և վեց վիրավորի մասին։

Իրենց հերթին, Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել շիա «Հեզբոլլահ» կազմակերպության երկու օբյեկտների, որոնք գտնվում են Լիբանանի Բեքաա հովտում։

«Այդ օբյեկտները պատկանում են «Հեզբոլլահ»-ի օդային ուժերին, որոնք տարբեր հարձակումներ են ծրագրել և իրականացրել Իսրայել պետության վրա», - ասվում է իսրայելցի զինվորականների՝ սոցիալական հարթակներում տարածված հաղորդագրությունների մեջ:

Իսրայելի պաշտպանության բանակում հավելել են, որ հարվածները հասցվել են՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի ավիահարվածների, որոնք Գոլանի բարձունքների ուղղությամբ հասցվել են վերջին օրերին։

  • Կիսվել: