երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ինչպե՞ս են ամերիկյան լրատվականները լուսաբանում նախընտրական քարոզարշավը․ հարցազրույց Դևիդ Գրահամի հետ

Ինչպե՞ս են ամերիկյան լրատվականները լուսաբանում նախընտրական քարոզարշավը․ հարցազրույց Դևիդ Գրահամի հետ

ԱՄՆ ընտրական համակարգի, նախընտրական զարգացումների մասին «Լուրերը» զրուցել է The Atlantic ամսագրի քաղաքական մեկնաբան, Դյուկ համալսարանի պրոֆեսոր Դևիդ Գրահամի հետ։ 
 
Պարո՛ն Գրահամ, ի՞նչ դժվարությունների եք հանդիպում ԱՄՆ  ընտրական գործընթացները լուսաբանելիս։
 
Կարծում եմ՝ գլխավոր խնդիրներից մեկը պաշտոնյաներին համոզելն է, որ խոսեն մեզ հետ։ Այսօր ամերիկյան մեդիադաշտը պառակտված է, կուսակցությունները զարգացնում են սեփական լրատվականները, թեկնածուներն ունեն նաև իրենց լսարանի հետ ուղիղ շփման այլ հարթակներ, ուստի նրանց հետ խոսելը շատ է բարդացել։ Բարձրաստիճան քաղաքական գործիչներն ավելի ու ավելի քիչ են հարցազրույցներ տալիս։ Օրինակ՝ Ջո Բայդենը, վերջին տասնամյակներում ԱՄՆ նախագահներից ամենաքիչ հարցազրույց տված ղեկավարն է։ Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, նա չի ցանկանում խոսել մեզ հետ և նախապատվությունը տալիս է միայն հավատարիմ լրատվականներին: 
 
Երբ քաղաքական գործիչները զգում են, որ կարող են շրջանցել մեզ, նրանք հենց այդպես էլ վարվում են։ 
 
Ի՞նչ կարծիք ունեք ընտրությունների հետ կապված արտաքին միջամտության ռիսկերի վերաբերյալ, ինչի մասին նախորդ ընտրությունների ժամանակ շատ էր խոսվում։ 
 
Վերջին տարիների նման փորձերը մտահոգիչ են։ Սակայն կարծում եմ՝ ավելի մտահոգիչ է, երբ Թրամփը խոսում է ազատ խոսքի պաշտպանությունը նվազեցնելու և լրագրողների գործունեությունը բարդացնելու մտադրության մասին։ Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ եթե նախկինում ԱՄՆ-ում կային մի քանի գերիշխող լրատվականներ, ապա այժմ դրանց թիվը շատ մեծ է, ինչը մեծացնում է նաև ապատեղեկատվության տարածման ռիսկերը։
 
Սոցիալական մեդիայի և արտաքին միջամտության հետ կապված մտահոգությունները պահպանվում են։ Այդ ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ դեռ վաղ է կանխատեսել՝ ինչ փորձեր կձեռնարկվեն։ Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Ֆեյսբուքը և X-ը, մեծացրել են քաղաքական բնույթի բովանդակության մշտադիտարկման կարողությունները՝ հնարավոր ապատեղեկատվության կանխման համար։  
 
Թեկնածուներից Դոնալդ Թրամփը թիրախավորում է լրատվականներին՝ նրանց ներկայացնելով որպես իր «թշնամի», թեև նրանք պարզապես իրենց գործն են անում։ Կարծում եմ՝ կա անգամ ֆիզիկական բռնության վտանգ։ Օրինակ՝ քարոզարշավների միջոցառումների ժամանակ ես ինձ ավելի քիչ ապահով եմ զգում։ 
 
Ինչպե՞ս եք գնահատում նախագահական քարոզարշավի լուսաբանումն ամերիկյան լրատվականների կողմից։  
 
Թրամփի հետ կապված լուրերը գերակշռում են լրահոսում։ Նա իր ակտիվությամբ գերազանցում է անգամ Սպիտակ տանը։ Անգամ նրանք, ովքեր քննադատում են Թրամփին, ստիպված են խոսել նրա մասին։ Կարող ենք արձանագրել, որ այսօր նա թելադրում է իր օրակարգը։ 
 
Երբ նա նոր էր մտել քաղաքականություն, շատերը չգիտեին՝ ինչպես լուսաբանել նրա գործունեությունը, քանի որ նա խոսում և անում էր բաներ, ինչը նախկինումը երբեք չէր եղել։  Վերջին տարիներին, սակայն, այս հարցում առաջընթաց կա։ 
 
Կարծում եմ՝ ամերիկյան լրատվականները խնդիր ունեն ընտրողների հետ կապը պահելու առումով, բացի այդ՝ քիչ են լուսաբանվում նաև տնտեսական հարցերը և, մասնավորապես, գնաճը։ 
 
Այսօր նկատելի է նաև այսպես կոչված «կուսակցական լուրերի» տարածման աճ, ինչը պայմանավորված է նաև քաղաքական բևեռացման խորացմամբ։
 
Իսկ ի՞նչ միտումներ եք արձանագրել թեկնածուների նախընտրական ռազմավարություններում։  
 
Նախագահի թեկնածուները բանակցում են լրատվականների հետ առավել նպաստավոր լուսաբանման ապահովման համար։ Օրինակ՝ Ջո Բայդենն օրերս հարցազրույց տվեց The New Yorker-ին, որի ընթացքում բարդ հարցեր չհնչեցին։ New York Times-ին հարցազրույց տալու դեպքում հարցերը շատ ավելի սուր կլինեին։ Կարելի է ենթադրել, որ հարցազրույցը պայմանավորվածության արդյունք էր՝ նպաստավոր լուսաբանում ստանալու համար։ 
 
Ինչ վերաբերում է Թրամփին, նա մեծ թվով միջոցառումներ է կազմակերպում, որոնց ընթացքում բավական կոշտ հռետորաբանություն է կիրառում։ Դրա շնորհիվ շատ լրատվականներ են անդրադառնում նրա քարոզարշավին։ 
 
Նախկին նախագահներն այլ մոտեցումներ ունեին։ Օրինակ՝ Բարաք Օբաման, հարցազրույցների շարք ունեցավ սոցիալական մեդիայի ազդեցիկ ներկայացուցիչների հետ, նա մասնակցում էր նաև փոդքասթների։ Նա կարողանում էր տեղեկատվական առիթներ ստեղծել՝ ճիշտ մարդկանց հետ խոսելով։
 
Այս ընտրության հետ կապված նկատելի է նաև մեկ այլ միտում։ Ջո Բայդենի թիմը փորձում է մեծացնել նրա ներկայությունը Տիկ-Տոկում, իսկ Թրամփը մեծ ուշադրություն է դարձնում մյուս սոցիալական ցանցերին, այդ թվում՝ իր ստեղծած հարթակներին։ 

  • Կիսվել: