շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ-ն կարեկցում է ոչ թե Իրանի ժողովրդին, այլ քաոսի տարածմանը. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն կարեկցում է ոչ թե Իրանի ժողովրդին, այլ քաոսի տարածմանը. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն չի կարեկցում Իրանի ժողովրդին, այլ աջակցում է քաոսի տարածմանը` հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը, թե աջակցում է իրանցի ցուցարարներին:

Նշենք, որ նախորդ շաբաթ Իրանի կառավարությունը որոշում ընդունեց վառելիքի գինը բարձրացնել, ինչը հանգեցրեց բողոքի ակցիաների ու անկարգությունների երկրի մի շարք քաղաքներում։ Պաշտոնական տվյալներով՝ անկարգությունների հետևանքով այրվել և թալանվել են ավելի քան 100 բանկ և խանութներ։ Բախումների ընթացքում զոհվել են ոստիկաններ։ Մոտ 1000 մարդ կալանավորվել է։

Նշենք, որ Պոմպեոն աջակցություն է հայտնել Իրանում բողոքի ակցիայի մասնակիցներին` Թվիթերի իր միկրոբլոգում գրելով. «Ինչպես ես ասացի Իրանի ժողովրդին գրեթե մեկուկես տարի առաջ, Միացյալ Նահանգները ձեզ հետ է»։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին այս առիթով հայտարարել է. «Իրանի արժանապատիվ ժողովուրդը հիանալի հասկանում է, որ նման կեղծավոր արտահայտություններն անկեղծ համակրանքի դրսևորում չեն, իսկ անարխիստների ու դիվերսանտների խմբի բռնի գործողությունները, որոնց աջակցում են այդպիսի մարդիկ, բնավ չեն համապատասխանում հասկացող և խորաթափանց Իրանի ժողովրդի վարքագծին։ Հետաքրքիր է, որ Պոմպեոն համակրում է այն մարդկանց, ովքեր գտնվում են Միացյալ Նահանգների տնտեսական ահաբեկչության ճնշման ներքո։ Նա արդեն ուղղակի ասել է, որ Իրանի ժողովուրդը պետք է մնա քաղցած, քանի դեռ չի զիջել «մեր պահանջներին» »:

  • Կիսվել: