երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու ծրագրի շրջանակում 2023-ին ծնունդների թիվը կազմել է 159․ Ավանեսյան

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու ծրագրի շրջանակում 2023-ին ծնունդների թիվը կազմել է 159․ Ավանեսյան

Կառավարության քաղաքականությունն ուղղված է անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը՝ ապահովելով հասանելի, արդիական, որակյալ առողջապահական ծառայություններ՝ մարդու ծնվելուց մինչև կյանքի վերջ: Մեր նպատակն է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պահպանի, ամրացնի իր առողջությունը, ֆիզիկապես և հոգեբանորեն կարողանա ամբողջությամբ իրացնել իր պոտենցիալը, կրթվել, արդյունք ստեղծել, կառուցել բարեկեցիկ կյանք, դիմակայել մարտահրավերներին և երջանիկ լինել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի առողջապահության հատվածը:

Նախարարի խոսքով՝ 2023 թվականին ավելացել են պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային դժվարամատչելի բժշկական օգնության և սպասարկման ծավալները՝ 861 հազար 845, ինչը 74 հազար 981-ով ավելի է 2022-ից և շուրջ երկուսուկես անգամ ավելի է 2017 թվականից:

Ներդրվել է հերթագրման էլեկտրոնային միասնական ավտոմատ համակարգ՝ ապահովելու արդարություն և թափանցիկություն: Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նպատակով սքրինինգի շրջանակում շուրջ 10 հազար կին 2023-ին հետազոտվել է, հարյուրավոր կանայք ախտորոշվել են՝ պահպանելով կյանքի որակը:

«Սրտանոթային հիվանդությունների շուրջ 42 հազար ծառայություն է մատուցվել, ինչը 7 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդլայնվել է գլխուղեղի կաթվածի ծրագիրը, արյան շրջանառության համակարգի հիվանդացությունը, որը մեր երկրի մահացության առումով առաջին տեղն է գրավում, 2022-ին նվազել է 14,1 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ, իսկ 2023 թվականին ևս նվազել է 10,2 տոկոսով: Ավելացել է օրգանների փոխպատվաստման ծառայությունների թիվը, կատարվել են 60-ից ավելի վիրահատություններ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: 

Նախարարը ներկայացրեց նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում կատարած աշխատանքները, հայտնեց՝ ընդլայնվել է նաև վերարտադրողականության օժդանդակ տեխնոլոգիաներից օգտվող շահառուների ցանկը, կատարվել է 5 441 շահառուի համար ախտորոշում, բուժում, որի արդյունքում գրանցվել է 736 հղիություն, ծնվել է 159 երեխա:

«Նշեմ, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում մենք արդեն 100-ից ավելի ծնված բալիկներ ունենք: 2023 թվականին ծնվել է 35 հազար 854 երեխա՝ 2022-ի 35 հազար 649-ի համեմատ, աճը կազմել է 205»,- հայտնեց նախարարը:

Հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և քրոնիկ վիճակների կառավարման մասով Ավանեսյանը կարևորեց Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բարեփոխումները՝ պոլիկլինիկաների և ամբուլատորիաների:

«ԱԱՊ այցելությունների թիվը նախորդ տարվա 5,3 միլիոնից 2023-ին կազմել է 6 միլիոն»,- տեղեկացրեց Ավանեսյանը՝ ընդգծելով՝ շարունակելու են այս օղակում վերազինման և կատարելագործման աշխատանքները: 

«2023-ին ավարտվել, շարունակվել և մեկնարկել են մեկ տասնյակից ավելի ԲԿ-ների կառուցման, վերակառուցման ծրագրեր: Մարտունու և Վայոց ձորի բժշկական կենտրոններն այսօր մատուցում են արդի ծառայություններ մարզի բնակչությանը: Մեկնարկել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մասնաշենքի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Արարատի և Արմավիրի մասնաճյուղերի, Արտաշատի ԲԿ-ի պոլիկլինիկական մասնաճյուղի վերակառուցման աշխատանքները: Շարունակվել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի,  Հոգեկան առողջության կենտրոնի, Սիսիսանի, Թալինի, Ծաղկահովիտի, Չարենցավանի, Մասիսի, Եղվարդի, Տաշիրի ԲԿ-ների շինարարական աշխատանքները: Ընթանում է 19 ամբուլատորիաների և 9 պոլիկլինիկաների կառուցման, վերակառուցման և նախագծման աշխատանքները»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ընդգծեց՝ շարունակելու են Կառավարության ծրագրով նախանշված բարեփոխումները, որոնց մեջ ամենակարևորներից մեկը ապահովագրությունն է:

  • Կիսվել: