կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ծխախոտի ապօրինի առևտրի վերացումը տարեկան 47,4 միլիարդ դոլար կբերի երկրներին. ԱՀԿ

Ծխախոտի ապօրինի առևտրի վերացումը տարեկան 47,4 միլիարդ դոլար կբերի երկրներին. ԱՀԿ

 Աշխարհում ծխախոտի ապօրինի առևտրի վերացումը պետություններին թույլ կտա 47,4 միլիարդ դոլարով ավելացնել հարկային եկամուտները: Այժմ ապօրինի առևտրին բաժին է ընկնում ծխախոտի արտադրանքի շուկայի 11 %-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):

ԱՀԿ-ն նշել է, որ Ծխախոտային արտադրանքի ապօրինի առևտրի վերացման արձանագրության կողմերի երրորդ նստաշրջանը, որը տեղի է ունեցել Պանամայում փետրվարի 12-ից 14-ը, ձեռնարկել է «վճռական միջոցներ»՝ կասեցնելու խախտումները, որոնք «վնաս են հասցնում մարդկանց առողջությանը» և կառավարություններին զրկում բյուջեի դրամական մուտքերից, որոնք «կարող են օգտագործվել առողջապահության բնագավառում նախաձեռնությունների ֆինանսավորման համար»:

ԱՀԿ-ի գնահատումներով՝ ապօրինի առևտրին բաժին է ընկնում  «ծխախոտի միջազգային շուկայի 11 %-ը, և դրա վերացումը թույլ կտա  ներգրավել տարեկան 47,4 միլիարդ դոլարի համաշխարհային հարկային դրամամուտքեր»:

Արձանագրության 56 կողմերի և դրան ոչ մասնակից 27 պետությունների ներկայացուցիչները նստաշրջանում քննարկել են «հարցեր մի ամբողջ շարք»՝ այդ փաստաթղթի դրույթների իրականացման առաջընթացից մինչև «ծխախոտի դեմ պայքարի կայուն ֆինանսավորումը»: Նրանք ընդունել են Պանամայի հռչակագիրը, որով կառավարություններին կոչ է ավում «զգույշ լինել ծխախոտի արդյունաբերության շարունակական փորձերից՝ կանխելու ապօրինի առևտրի վերացումը»:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2018 թվականին: Այն նպատակաուղղված է ծխախոտի արտադրանքի ապօրինի առևտրի բոլոր ձևերի վերացմանը՝ միջոցառումների փաթեթի միջոցով, որոնք երկրների կողմից պետք է ձեռնարկվեն միմյանց հետ համագործակցությամբ:

  • Կիսվել: