հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տիկին Ավանեսյան, ինչի՞ ձեզ բյուջե տանք, եթե չգիտենք՝ այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում․ Վահագն Ալեքսանյանը զարմացած է

Տիկին Ավանեսյան, ինչի՞ ձեզ բյուջե տանք, եթե չգիտենք՝ այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում․ Վահագն Ալեքսանյանը զարմացած է

Վերջերս հարցում էի ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով ինձ տրամադրել Երևանում գտնվող պետական բժշկական կենտրոնների տնօրենների 2023թ-ին ստացած պարգևավճարների ու հավելավճարների հետ կապված ինֆորմացիա ու շատ զարմացա պատասխանից։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում, դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Պարզվեց, որ 100 տոկոս պետական մասնաբաժնով ԲԿ-ների տնօրենների պարգևավճարն ու հավելավճարը հանդիսանում են անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքով պաշտպանված տվյալ։ Դրան զուգահեռ պարզվեց, որ պետական մասնաբաժնով բժշկական հաստատությունների տնօրենները չեն ուզում պատգամավորին տրամադրել նման տեղեկատվություն։ Որպեսզի ճիշտ հասկանաք, ես՝ որպես քննիչ հանձնաժողովի անդամ, ծանոթ եմ և ծանոթացել եմ ՀՀ զինված ուժերի կիրառման պլանին, բայց 100 տոկոս պետական մասնաբաժնով գործող ընկերության տնօրենի ստացած պարգևավճարները ԱԺ պատագամավորի համար անհասանելի են, անհասանելի է նաև,  թե 100 տոկոս պետական մասնաբաժնով ընկերությունում ինչ հերթափոխով են աշխատում աշխատողները»,-ասաց նա:

Պատագամավորը նկատեց նաև, որ վերջերս դիմում բողոքներ են ստանում անձանցից բժշկական կենտրոնում աշխատաժամերի և հերթափոխների հետ կապված․ «Այդ մասով էլ ենք դիմում, ասում ենք՝ մարդիկ 32 ժամ աշխատելու հետ կապված բողոքներ ունեն, պարզվում է դա էլ առևտրային գաղտնիք է։ Ես ուզում եմ հասկանալ, թե ոնց է հնարավոր, որ զինված ուժերի հետ կապված գաղտնիքները պատգամավորներին հասանելի լինեն, բայց 100 տոկոս պետական բաժնով աշխատող ընկերությունները այդքան անհասանելի լինեն»։

Ալեքսանյանի խոսքով՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամները պետք է սկսեն աշխատել օրենսդրական նախաձեռնության շուրջ, որպեսզի 100 տոկոս պետական մանսաբաժնով աշխատող ԲԿ-ների տնօրենները դառնան հայտարարատու անձինք և իրենց հայտարարագրերը ներկայացնեն ԿԿՀ, այլ ոչ թե պետական եկամուտների կոմիտեին․ «Որովհետև դա նորմալ չէ, երբ 5 միլիարդ բյուջե կառավարող մարդը հրաժարվում է որոշակի թափանցիկություն տրամադրել ու հաշվետվողականություն Ազգային ժողովին։ Այս ուղղությամբ որոշակի աշխատանք պետք է տանենք»։

Այնուհետև նա դիմեց առողջապահության նախարարին․ «ԱԺ-ն բյուջե է հաստատում, դուք գալու եք ուզեք, ինչի պետք է կողմ քվեարկենք, եթե չգիտենք այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում։ Բյուջեն հաստատելուց առաջ պետք է իմանանք, թե մի հոգի ինչքան պարգևավճար  ու աշխատավարձ է ստանում։ Ես չեմ հասկանում այդ մոտեցումը»։

Արձագանքելով պատգամավորի դիտարկմանը՝ Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Պարո՛ն Ալեքսանյան, տարբեր տիպի գաղտնիքներ տարբեր օրենքներով են կարգավորվում, ու եթե մի պաշտոնատար անձ ունի հասանելիություն մի տիպի գաղտնիքի, դա չի նշանակում, որ նա հասանելիություն ունի բոլոր տեսակի գաղտնի ինֆորմացիայի։

Այո՛, Դուք կարող եք հասանելիություն ունենալ ռազմական տիպի հույժ գաղնի ինֆորմացիայի, բայց չեք կարող հասանելիություն ունենալ իմ բժշկական տվյալների մասով։ Հայտարարագրման մասով պետությունը որոշակի փոփոխություններ ունի ու շուտով բոլոր այն անձինք, որոնք ենթակա են հայտարարգրման, կհայտարարգրեն ու օրենքի ուժով դուք հասանելիություն կունենաք նաև այս ինֆորմացիային»։

  • Կիսվել: