երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սպառողների համար տեսանելի վայրում կտեղադրվի վառելիքի մասին ինֆորմացիա

Սպառողների համար տեսանելի վայրում կտեղադրվի վառելիքի մասին ինֆորմացիա

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները: Դրանով կարգավորվում են իրավասու մարմնի կողմից պետական մարմինների անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման կարիքների համար նախատեսված կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի կառավարման գործառույթները:

Հիմնական զեկուցող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանի խոսքով՝ նախաձեռնությունը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ, արժանացել Կառավարության հավանությանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հետայսու սպառողների համար տեսանելի վայրում տեղադրված կլինի տեղեկատվություն հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային, ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում վառելիքի անվանման, նպատակային նշանակության վերաբերյալ:

Տեղեկատվությունը չփակցնելու դեպքում տնտեսվարողը կտուգանվի: Տուգանքի չափը կհստակեցվի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Առաջին ընթերցմամբ քննարկվեցին նաեւ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Հայկ Գեւորգյանի հեղինակած «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները եւ լրացումները: Լուծարվող իրավաբանական անձի գույքի վաճառքի դեպքում վարձատրության չափը չի կարող գերազանցել վաճառվող գույքի մեկնարկային գնի տասը տոկոսը:

Հեղինակներն առաջարկում են օրենքը տարածել էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների եւ հարկադիր աճուրդների վրա:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել էին պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Գրիգորյանը, Արման Աբովյանը: Դրա ընդունման դեպքում պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային վերահսկողություն կիրականացնի համապատախան տեսչական մարմինը:

Նախաձեռնության ընդունման արդյունքում, բնականաբար, կպահանջվեն լրացուցիչ ֆինանսական ծախսեր, որոնք, ցավոք, ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված չեն: Ուստի օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի հաշվարկներով առաջին տարվա համար նախատեսվում է ծախսել մոտավորապես 98 մլն դրամ, որից 84 մլն-ը կկազմի աշխատակիցների վարձատրությունը: Գործառույթների համար կներգրավվի 28 նոր աշխատակից: 2?8 մլն դրամ կհատկացվի 4 նոր անցակետերի կառուցմանը, 4 մլն 800 հազար դրամ՝ տրանսպորտային ծախսերին, 4 մլն 348 հազար դրամ՝ տեխնիկական հագեցվածությանը:

Նախաձեռնությունները ստացան դրական եզրակացություն:

 

  • Կիսվել: