չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շիրակի գյուղական բնակավայրերում բնակվող անօթևան ընտանիքներին կտրամադրվեն վկայագրեր․ Արմենպրես

Շիրակի գյուղական բնակավայրերում բնակվող անօթևան ընտանիքներին կտրամադրվեն վկայագրեր․ Արմենպրես

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան շահառու ճանաչված 90 ընտանիքի կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր: Վկայագրերը տրամադրվելու են նախապես կատարված հարցման արդյունքում:

Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: «Մենք  նախապես հարցում էինք  կատարել, այն մասին, թե նրանք ցանկանում են ստանալ վկայագրեր, թե՞ իրականացնել շինարարություն, և 148 ընտանիքից 90-ն ընտրել է բնակարանի գնման  տարբերակը: Մենք այդ տարբերակն ուղարկեցինք կառավարություն, և կառավարությունը վերջերս որոշում կայացրեց»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:

 Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը, ՀՀ կառավարության համապատասխան որոշումը ստանալուց հետո, ծանուցագրեր կուղարկի տվյալ ընտանիքներին: «Կսահմանենք, թե ինչ ժամկետում են նրանք պարտավոր դիմում ներկայացնել Շիրակի մարզպետի անունով, որպեսզի նրանց հետ կնքվի պայմանագիր՝ վկայագիր տրամադրելու վերաբերյալ»:

Վկայագիրը տրամադրվելու է 6 ամիս ժամկետով՝ ծրագիրն իրականացվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը: Այս անգամ ևս շահառուները իրավունք ունեն ձեռք բերել բնակարաններ ցանկացած համայնքում: Այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկացել ընդգրկվել վկայագրի ծրագրում, ստիպված կլինեն սպասել: «Նրանց հարցը կլուծվի 2020 թվականի ընթացքում՝ նորից լրացուցիչ գումար կհատկացվի կիսակառույց ունեցողներին՝ շինարարությունն ավարտին հասցնելու, իսկ մյուսներին՝ նոր բնակարան կառուցելու համար»,- տեղեկացրեց Ալբերտ Մարգարյանը:

Այս պահին Շիրակի մարզի 9 գյուղական համայնքում կա երկրաշարժից անօթևան մնացած 148 ընտանիք:

  • Կիսվել: