ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փոխզիջումներ հաստատ լինելու են. Արարատի մարզպետը՝ ֆերմերներին ու անասնաբույծներին

Փոխզիջումներ հաստատ լինելու են. Արարատի մարզպետը՝ ֆերմերներին ու անասնաբույծներին

Փոխզիջումներ հաստատ լինելու են: Այս մասին այսօր ֆերմերների, անասնաբույծների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, վաղը Ազգային ժողովում կառավարության ղեկավարի մակարդակով հարցին պատասխան կտրվի:

Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում անասնաբույծներն ու մսավաճառները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ ընդդեմ Կառավարության՝ սպանդանոցների մասին որոշման։ Նրանք նշում են, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։ 

Մարզպետն ասաց, որ իրավասու չէ ասել, թե ինչպես է հարցը լուծվելու, կառավարության ղեկավարը կամ կառավարությունից կոմպետենտ մեկը կպատասխանի այդ հարցին:

Նա, մասնավորապես, նշեց. «Քաղաքացիների բողոքը գրի է առնվել, ինձ հավաստիացնում են՝ շատ լավ լուծումներ կան: Ինձ կառավարությունից էլ հավաստիացրել են, վաղը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ մեր խմբակցության կողմից հարցը բարձրացվելու է: Կառավարությունից ամենայն հավանականությամբ վարչապետը կպատասխանի այս հարցին, թե ինչ լուծում են տեսնում, ինչ լուծում է տրվելու ձեր բարձրացրած հարցերին»,- ասաց նա:

Սարգսյանը վստահեցրեց, որ կգտնվի այնպիսի լուծում, որը չի ոտնահարի ո՛չ քաղաքացիների, ո՛չ ֆերմերների շահերը:

  • Կիսվել: