կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետք է ցույց տանք, թե , թե էներգախնայողության ծրագրից առաջ որքան էին հոսանքի, գազի փող վճարում և հիմա որքան. Փաշինյան

Պետք է ցույց տանք, թե , թե էներգախնայողության ծրագրից առաջ որքան էին հոսանքի, գազի փող վճարում և հիմա որքան. Փաշինյան

Էներգախնայողության ծրագրերի հետ կապված հանրության շրջանում իրազեկվածության խնդիր կա: Այս մասին այսօր ՏԿԵ նախարարությունում «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունների քննարկման ժամանակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Այսինքն՝ կողքի շենքում իրականացրել ենք էներգախնայողության ծրագիր, այդ մարդկանց պետք է ցույց տանք այս շենքի բնակիչներին, թե ինչ կոմունալ ծախսեր էին անում, հոսանքի և գազի փող վճարում և հիմա որքան: Դա, իմիջիայլոց, մեզ համար էլ է շատ լավ ինդիկատոր՝ գնահատելու այդ ծրագրի արդյունավետությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն՝ արձագանքելով, նշել է. «Ինչ թիվ էլ ստանանք, ենթադրենք՝ պատկերացնենք 30 տոկոս, իրականում ավելի մեծ է իր արժեքը լինելու, ասեմ ինչպես. հիմա երբ շենքը մենք փաթեթավորել ենք էներգախնայող, իր մուտքերն էլ է տաք և դա որևէ տեղ չենք հաշվելու, այսինքն՝ դա չի երևալու: Այսինքն՝ այդ թիվը, ինչ ստանանք, արդյունքն իրականում ավելին է լինելու»:

Վարչապետը նշել է, որ եթե արդյունքները շոշափելի լինեն, գուցե Կառավարությունն, ընդհանուր առմամբ, այդ ծրագրերին ավելի շատ ուշադրություն դարձնի: «Որովհետև դա հսկայական պոտենցիալ է գեներացնում, որը կարող է տնտեսության զարգացման այլ ճյուղի վրա ներդրվի և տնտեսական լուրջ խթան դառնա»:

Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի վերաբերյալ։ Ծրագրի նպատակը ոռոգման համակարգերի արդիականացման շնորհիվ համակարգերի արդյունավետության բարձրացումն է բարձր ջրակորուստների, շահագործման և պահպանման ծախսերի կրճատմամբ: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում կառուցվել/վերականգնվել են 123.4 կմ երկարությամբ մայր և միջտնտեսային ջրանցքներ, 277.6 կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման համակարգեր, 37.4 կմ երկարությամբ ինքնահոս համակարգ։ 2023-ին իրականացվել են 3․99 մլրդ դրամի աշխատանքներ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 5․8%։

Զեկուցվել է «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի վերաբերյալ: 2023թ.-ի ընթացքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով կառուցվել, վերակառուցվել կամ հիմնանորոգվել են 54.8 կմ ջրատար, 450.7 կմ բաշխիչ ցանց, 23.7 կմ կոյուղագիծ, 13486 անհատական տնային ջրաչափական հանգույցներ։ Ընդհանուր առմամբ՝ այս ուղղությամբ 2023թ.-ին իրականացվել են 3․74 մլրդ դրամի աշխատանքներ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 4․5%։ Ծրագրի շրջանակում աշխատանքներն իրականացվել են 7 մարզերի (Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Կոտայքի և Սյունիքի մարզերի) 63 քաղաքային և գյուղական բնակավայրերում:

Այնուհետև՝ զեկուցվել է Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի վերաբերյալ: Հաշվետու ժամանակահատվածում կառուցվել կամ վերակառուցվել է 98․1 կմ ջրամատակարարման բաշխիչ ցանց, 76.1 կմ անհատական տնային միացումներ։ 2023թ․ ընթացքում կատարվել են 1․4 մլրդ դրամի աշխատանքներ։

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել նաև «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տարածքում գտնվող և հրատապ լուծում պահանջող համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Ծրագրով կառուցվել են 148․1 կմ ջրատար ճյուղեր, 4852 կմ տնային միացումներ, մեկնարկել է Մեղրի և Ագարակ քաղաքների ՋՄԿ-ի վերակառուցումը։ 2023թ․ ընդհանուր կատարողականը կազմել է՝ 1․7 մլրդ դրամ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 50%։ Ծրագրի նպատակն է Արարատի և Գեղարքունիքի մարզերի 7 համայնքների «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 20 բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի տեխնիկապես առավել մաշված և շահագործման տեսանկյունից անմխիթար վիճակում գտնվող բաշխիչ ցանցերի վերականգնումը: Աշխատանքներն ավարտվել են 13 բնակավայրերում։

  • Կիսվել: