կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախորդ տարի Հայաստանում բնության պահպանության ոլորտում գրանցվել է 1689 խախտում

Նախորդ տարի Հայաստանում բնության պահպանության ոլորտում գրանցվել է 1689 խախտում

 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2023 թվականին կենսաբազմազանության, մթնոլորտի պահպանության, ջրային ռեսուրսների և ընդերքի օգտագործման ու պահպանության ոլորտում արձանագրել է ընդհանուր առմամբ 1689 խախտում:

Այդ մասին նշվում է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանի ներկայացրած տարեկան հաշվետու զեկույցում: 

Կենսաբազմազանության ոլորտում արձանագրվել է 1024 իրավախախտում (2022-ին՝ 897, 2021-ին՝ 1163): Նշանակվել է 24 մլն 120 հազար դրամի վարչական տուգանք (2022-ին՝ 25 մլն 310 հազար, 2021-ին՝ 32 մլն 880 հազար): Բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասը գնահատվել է 1 մլրդ 273 մլն 384 հազար 433 դրամ (2022-ին՝ 913 մլն 515 հազար 844, 2021-ին՝ 1 մլրդ 16 մլն 345 հազար 864 դրամ):

Մթնոլորտի պահպանության ոլորտում արձանագրվել է 329 խախտման դեպք (2022-ին՝ 179, 2021-ին՝ 141): Կիրառվել է 26 մլն դրամի վարչական տույժ: Շրջակա միջավայրին պատճառած վնասը գնահատվել է 180 մլն 863 հազար 753 դրամ։ Առանց սահմանային թույլատրելի արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելու համար կասեցվել է 10 տնտեսվարողի գործունեություն։ Գերակշռում են շինարարության, բեռնատարներով՝ առանց անթափանց ծածկի սորուն նյութերի տեղափոխման, ընդերքի օգտագործման և խոզանների այրման (գյուղատնտեսություն) հետ կապված խախտումները:

2023-ին արձանագրվել է ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանությանն առնչվող 161 իրավախախտում, կիրառվել է 45 մլն 850 հազար դրամի վարչական տուգանք, իսկ շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվել է 1 մլրդ 638 մլն 276 հազար 29 դրամ: Գերակշռել են ձկնաբուծության, ջրօգտագործող ընկերությունների և ՏԻՄ գործունեության հետ կապված խախտումները: Ստուգումների արդյունքում ապօրինի ջրառ իրականացնելու վերաբերյալ կայացվել է գործունեությունը կասեցնելու 33 որոշում։

2022-ին այս ոլորտում գրանցվել էր 99, 2021-ին՝ 110 իրավախախտում: Սահմանվել էր համապատասխանաբար 22 մլն 230 հազար և 19 մլն 820 հազար դրամի վարչական տուգանք: Շրջակա միջավայրին պատճառված վնասը 2022-ին գնահատվել էր 94 մլն 974 հազար 272, իսկ 2021-ին՝ 632 մլն 870 հազար 525 դրամ:

Նախորդ տարի ընդերքի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 175 դեպք՝ նախորդ տարվա 163-ի փոխարեն: Պետությանը պատճառվել է 1 մլրդ 800 մլն 918 հազար 616 դրամի վնաս (2022-ին այն կազմել էր 961 մլն 178 հազար 695 դրամ):

Հայտնաբերվել է ընդերքի ապօրինի օգտագործման 113 դեպք (անցյալ տարի 41-ն էր): Դրանցից 18-ն արձանագրվել է ընդերքի օգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում, իսկ 95-ը՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։ Պետությանը պատճառած 1,8 մլրդ դրամ վնասի չափը հաշվարկել է ՊԵԿ-ը:

Ընդերքի ապօրինի օգտագործման առավել շատ դեպքեր գրանցվել են Արմավիրի (31) և Արարատի (19) մարզերում: Դրանք պայմանավորված են ավազի ապօրինի արդյունահանմամբ: Գեղարքունիքում և Արագածոտնում գրանցվել է 14-ական, Սյունիքում՝ 10, Կոտայքում՝ 9, Շիրակում՝ 7, Տավուշում՝ 4, Լոռիում՝ 3, Վայոց ձորում՝ 2 դեպք: Բոլոր նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Ապօրինի արտահանված հանքանյութի ծավալը կազմել է 2 մլն 787 հազար 275 խմ, որից ավազ՝ 1 մլն 192 հազար 264, բազալտ՝ 432 հազար 768, հողագրունտ՝ 397 հազար 134, պեռլիտ՝ 323 հազար 865, տուֆ՝ 307 հազար 258, այլ՝ 133 հազար 987 խմ:

  • Կիսվել: