շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախատեսվում է Հայաստանում ներդնել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգ

Նախատեսվում է Հայաստանում ներդնել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգ

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ կենսաչափական համակարգին անցնելու քաղաքականություն։ Այս մասին նշվել է փետրվարի 8-ին, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախատեսվում է ներդնել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգ՝ Պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով, որի նպատակն է բարձրացնել անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթղթերի գործածումն ու շրջանառությունը, փոխարինել հնացած ՏՏ ենթակառուցվածքը՝ բարելավվելով գործընթացի անվտանգությունը և արդյունավետությունը, բարելավել քաղաքացիների սպասարկման որակը, այդ թվում՝ սպասարկման ֆիզիկական պայմանների տեսանկյունից։

Սպասարկման և հաղորդակցության որակի բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել որակի վերահսկման գործուն մեխանիզմներ։ Այս առումով, նախատեսվում է նաև ստեղծել զանգերի կենտրոն, ներդնել տեսաձայնագրման տեխնիկա ՄՔԾ բոլոր ստորաբաժանումներում։

Անդրադառնալով անձնագրային ծառայություններում իրականացվող բարեփոխումներին՝ վարչապետը հետաքրքրվել է. «Ասվեց, որ մեր խնդիրն է, որպեսզի քաղաքացին մի քանի տարի մի անգամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում այցելելու անհրաժեշտություն ունենա։ Հիմա, մենք ի՞նչպես ենք սա իրագործելու և արդեն իսկ պատրաստ ճանապարհային քարտեզ ունե՞նք, թե չունենք»։

ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ այդ հարցին մոտենում են երկու փուլով: «Առաջինը՝ միջնաժամկետ լուծումներ, որոնք մենք տալիս ենք։ Մասնավորապես, օրինակ, ելքի կնիքի վերացում, որոշակի տեղեկանքներ, եթե դեռ շարունակում է դրանց անհրաժեշտությունը լինել, փորձում ենք սարքել թվային, որ մարդը չգա մեզ մոտ։ Օրինակ՝ հաշվառման տեղեկանքը, հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ տեղեկանքը և շատ կիրառական է, կա անձնագրային պատմության մասին տեղեկանք։ Որոշ դեսպանատներ պահանջում են այդ տեսակ տեղեկանքը։ Անձի նույնականացման պարագայում մեր հարթակում անձը կարող է ստանալ և դրա համար ինքը ծառայություն այցելելու անհրաժեշտություն չունի։ Սա առաջին խումբն է, սակայն մեր գործառնությունների ճնշող մեծամասնությունն անձնագրի և նույնականացման քարտի տրամադրումն է, front office-ի իմաստով։ Այստեղ երկարաժամկետ լուծումն արդեն պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավորի արտապատվիրակման հատվածն է»։

  • Կիսվել: