երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեր բանկերն իրավիճակին համարժեք են արձագանքում. վարչապետ

Մեր բանկերն իրավիճակին համարժեք են արձագանքում. վարչապետ

Թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի վարչապետների հետ մենք ունենք պայմանավորվածություն, որ պետք է բեռնափոխադրումները բնականոն իրականացնենք։ Այս մասին, այսօր ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  «Իմ քայլի»  պատգամավոր Հայկ Գեւորգյանի այն հարցին, թե երբ կլուծվի Վերին Լարսում մնացած  բեռնատարների հարցը։

Վարչապետն ասաց. «Վերին Լարսում առկա իրավիճակը կախված է բացառապես եղանակի հետ։ Մենք թե Վրաստանի եւ թե Ռուսաստանի վարչապետի հետ ունենք պայմանավորվածություն, որ մենք պետք է բեռնափոխադրումները բնականոն իրականացնենք։ Մենք պայմանավորվել ենք, որ Վրաստանի սահմանը հատելուց հետո հայ վարորդները եւ բեռնատարները կուղեկցվեն դեպի Վերին Լարս։ Այսօր ՌԴ վարչապետի հետ խոսել ենք, որ բեռնափոխադրումները իրականացվում են բնականոն մասշտաբներով» ։

Պատգամավորը նկատեց, որ Վերին Լարսում մնացած այդ ապրանքները հետագայում կարող են բերել ապրանքի գնի բարձրացման, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Սպառողները իրավունք ունեն որոշակի վերաբերմունք ցուցաբերել այն ընկերությունների նկատմամբ, որոնք կբարձրացնեն գները։ Ժամանակակից աշխարհում ռեպուտացիան կարեւոր բան է։ Եթե մի քանի հազար դոլարի մարդիկ իրենց վարկանիշը պիտի հարվածի տակ դնեն… ի վերջո այս կորոնավիրուսը ավարտվելու է։ Սա ընկերությունների համար լավ ժամանակաշրջան է՝ ներդրում անել՝ իրենց երկարաժամկետ իմիջի եւ սպառողի շրջանում իրենց նկատմամբ վերաբերմունք ձեւավորելու համար։ Այս առումով մեր բանկերը բավականին ինտենսիվ են աշխատում եւ իրավիճակին համարժեք արձագանք են ցույց տալիս»։

  • Կիսվել: