երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մենք չենք ասել` բոլոր ռեստորաններն ամբողջ հանրապետությունում պետք է փակվեն. վարչապետ

Մենք չենք ասել` բոլոր ռեստորաններն ամբողջ հանրապետությունում պետք է փակվեն. վարչապետ

Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցադրմանը, թե արդյոք զվարճանքի վայրերը, օրինակ՝ դիսկոտեկներն աշխատելու են արտակարգ ռեժիմի պայմաններում, թե ոչ, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պարետին տրված է լիազորություն՝ սահմանել այն օբյեկտները, որոնք չպետք է գործեն:

«Հիմա գործում է հետևյալ տրամաբանությունը. եթե որևէ տարածքի վերաբերյալ չի կայացվել որոշում, որ այդ օբյեկտները չպետք է գործեն, ուրեմն այդ օբյեկտները պետք է գործեն»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ պարետն ունի լիազորություն, համաճարակային իրավիճակից ելնելով, արգելել որևէ հանրային օբյեկտի գործունեությունը:

Վարչապետն ասաց. «Երկու շահ կա. մարդը, որ եկամուտ ունենա, և որ չվարակվի վիրուսով: Եթե այս մոտեցումներից որևէ մեկը բացարձակացնեինք, արդյունքում հաղթահարելն ավելի դժվար էր լինելու: Մենք էսօր չենք ասել` բոլոր ռեստորաններն ամբողջ հանրապետությունում պետք է փակվեն, որովհետև հասկանում ենք, որ նախ՝ էդ միջոցը պետք է արդարացված լինի, երկրորդ` արդյունավետ լինի, երրորդ` երբ բոլոր ռեստորանները փակում ենք, բոլոր ռեստորանների մատուցողներին ասում ենք՝ վերջ, եկամուտ չեք ստանում, էստեղից հարց` բա որտեղի՞ց ենք այդ եկամուտը ստանում: Դրա համար օպերատիվ այդ որոշումները կկայացնենք ըստ իրավիճակի»:

Փաշինյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու է պարետ նշանակել փոխվարչապետ Ավինյանը և անձամբ չի ղեկավարում պարեկային աշխատանքները։ Այս առնչությամբ նա ասաց, որ գործողությունների տրամաբանությունն այն է եղել, որ հանձնաժողովը, որը հունվարից գործում է, փոխի իր կարգավիճակը և այլ կարգավիճակով աշխատի, իսկ այդ հանձնաժողովի նախագահը փոխվարչապետն էր:

  • Կիսվել: