երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մատակարարված ապրանքների դիմաց վճարումների իրականացման առավելագույն ժամկետներ են սահմանվել. ՄՊՀ

Մատակարարված ապրանքների դիմաց վճարումների իրականացման առավելագույն ժամկետներ են սահմանվել. ՄՊՀ

2024 թվականի հունվարի 16-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել և արդեն իսկ հրապարակվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ նշված օրենսդրական փոփոխություններով՝ արդար առևտրի կանոններ են սահմանվել փոքր և միջին տնտեսավարողների և առևտրային ցանցերի միջև մատակարարման հարաբերություններում մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով: Մասնավորապես՝ ուշ վճարումները, պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը, ապրանքներն անհավասար պայմաններով ցուցադրելը և այլն:

Նոր կարգավորումների համաձայն՝ առևտրային ցանցը պարտավոր է՝

ունենալ պաշտոնական կայք, որում պետք է հրապարակվեն հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները և սկզբունքները, իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկը, ապրանքի ցուցադրման պայմանները, մատակարարման հարաբերությունների դադարեցման հիմքերը:

մատակարարարի հետ կնքել գրավոր պայմանագիր, որն առնվազն պարունակում է պայմանագրի գինը,  վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը և այլն:

մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար՝ ոչ ուշ, քան 30, ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում: Ընդ որում՝ վերոնշյալ վճարումների կատարման 3 միլիոն կամ ավելի դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավելի ժամկետով կետանցը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, որի դեպքում Հանձնաժողովը կարող է նշանակել տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև տասը տոկոսի չափով:

Վերոնշյալ կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի մայիսի 6-ից:

Հիշեցնենք, որ օրենսդրական բարեփոխումների փաթեթը մշակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից  Էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համագործակցությամբ: 

Օրենքները հասանելի են հետևյալ հղումներով՝ 

https://www.arlis.am/documentview.aspx?docid=189457

https://www.arlis.am/documentview.aspx?docid=189452

  • Կիսվել: