երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կորեական ընկերության հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Կորեական ընկերության հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «SK Ecoplant» ընկերության գլխավոր տնօրեն Ին-Կյու Լիմի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։

«SK Ecoplant»-ը հանդիսանում է կորեական SK կոնգլոմերատի դուստր միավորում: Վերջինս «Fortune» գործարար ամսագրի կողմից հրապարակվող «Fortune Global 500» համաշխարհային 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 92-րդ տեղը:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորությունները վերականգնվող էներգիայի (մասնավորապես՝ արևային էներգիա, հողմային էներգիա և թափոնների էներգետիկ օգտահանում) ոլորտում, քամու և արևային էներգիայի արտադրության ուղղությամբ։

Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու միջազգային տարբեր կառույցների հետ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

  • Կիսվել: