կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարության պարտքի ծավալի բաժինը դրամով ավելացել է՝ 20 տոկոսից հասնելով 46 տոկոսի. ֆիննախ

Կառավարության պարտքի ծավալի բաժինը դրամով ավելացել է՝ 20 տոկոսից հասնելով 46 տոկոսի. ֆիննախ

Վերջին չորս տարիներին Հայաստանի կառավարության ընդհանուր պարտքի կառուցվածքում պարտատոմսերի կամ պարտքի ծավալը դրամով ավելացել է՝ 20 տոկոսից հասնելով 46 տոկոսի։ Այս մասին մարտի 5-ին ներդրումային-ֆինանսական համաժողովում ասել է ֆինանսների նախարարության պետական պարտքի վարչության պետ Սամվել Խանվելյանը։

Նրա խոսքով՝ պետության թողարկած պարտատոմսերը հասել են մեծ ծավալների, ինչը բխում է կառավարության քաղաքականությունից, որը ենթադրում է ներքին պարտքի շուկայի թիրախավորում՝ որպես բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման հիմնական աղբյուրի։

Խանվելյանը տեղեկացրել է, որ 2023թ. Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ կատարվել են ներքին պարտքի շուկայի գնահատումներ, որոնք ցույց են տվել, որ Հայաստանում առավել զարգացած ոլորտը իրավական կարգավորումն է, բայց «կաղում» է երկրորդային շուկան, կան նաեւ խնդիրներ ներդրողների կառուցվածքի եւ կազմի մասով։ «Եթե 2020թ. պետական պարտատոմսերի սեփականատերերի 80 տոկոսը բանկային համակարգի ներկայացուցիչներ էին, ապա 2023թ. վերջի տվյալներով՝ այդ տոկոսը հասել է 65-ի։ Ավելացել է այլ սեկտորների սեփականատերերի բաժինը, մասնավորապես, թոշակային ֆոնդերի եւ ապահովագրական ընկերությունների։ Բարձրակարգ ներդրողների բաժինը ներքին պարտքի ծավալում կազմում է մոտ 7 տոկոս կամ 150 մլրդ դրամ»,- նշել է պաշտոնյան։

Նա նշել է թույլ զարգացած արժութային շուկայի մասին։ «Դա հանգեցնում է այն բանին, որ մի քանի տասնյակ միլիոն դոլարի փոխանակումը առաջ է բերում լուրջ ռեզոնանս, ինչը մեծ խնդիր է օտարերկրյա ներդրողների համար»,- ընդգծել է Սամվել Խամվելյանը։

Պաշտոնյան տեղեկացրել է, որ այս ամսվա ընթացքում կսկսի գործել պարտատոմսերի մանրածախ առեւտրի թարմացված օնլայն համակարգը, ինչը հնարավորություն կտա ե՛ւ ռեզիդենտներին, ե՛ւ ոչ ռեզիդենտներին ձեռք բերել պարտատոմսեր անմիջապես պետությունից։

  • Կիսվել: