երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի կապիտալի շուկաներին նվիրված համաժողովում քննարկվեցին ոլորտի զարգացման հեռանկարները

Հայաստանի կապիտալի շուկաներին նվիրված համաժողովում քննարկվեցին ոլորտի զարգացման հեռանկարները

Երևանում մարտի 5-ին անցկացվեց «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» անդրանիկ ֆինանսա-ներդրումային համաժողովը, որը համատեղ կազմակերպել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Freedom Broker Armenia ընկերությունը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ֆինանսական ոլորտի առավել կարևոր հարցերի, ներդրումային շուկայի զարգացման և համապատասխան միջավայրի ձևավորման վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարության, առաջատար բանկերի, հայկական և միջազգային խոշոր ընկերությունների ու ներդրումային հիմնադրամների մասնագետները:

Համաժողովի բիզնես ծրագրի շրջանակներում անդրադարձ կատարվեց Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման առանցքային դրույթներին և հեռանկարներին։ «Ներդրումային միջավայրը Հայաստանում և կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները» թեմայով լիագումար նիստի ընթացքում քննարկում ծավալվեց արտասահմանյան ներդրողների համար Հայաստանի հնարավորությունների, ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների, կապիտալի շուկայում տիրող իրավիճակի, պետական պարտքի պահանջարկի խթանման տարբերակների վերաբերյալ։

Պանելային քննարկումների շրջանակներում խոսվեց ներքին ներդրողների զարգացման և կապիտալի շուկայում ընկերությունների ներգրավման մասին: Առանցքային էր Freedom Holding Corp.-ի վերլուծաբանների՝ «Հայաստանը ֆոնդային շուկաների համաշխարհային քարտեզին» համապարփակ ուսումնասիրության շնորհանդեսը:

Համաժողովի առանցքային բանախոսներից էր արհեստական բանականության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ձեռներեց Դավիթ Յանը՝ ABBYY ընկերությունների խմբի հիմնադիրն ու խորհրդի անդամը: Յանը, որը նաև ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու և գիտության ու տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր է, ներկայացրեց Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացման գործում տեխնոլոգիաների դերի վերաբերյալ մտահղացումներն ու պատկերացումները։

Համաժողովի ավարտին տեղի ունեցավ «Թվայնացումը՝ որպես ֆինանսական արդյունաբերության զարգացման առանցքային գործոն» թեմայով աշխատանքային նիստ, որից հետո մասնակիցները կարծիքներ փոխանակեցին իրենց հուզող հարցերի վերաբերյալ:

  • Կիսվել: