հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գնել Սանոսյանը տպավորիչ է համարում Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի ցուցանիշները

Գնել Սանոսյանը տպավորիչ է համարում Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի ցուցանիշները

Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի անցած տարվա ցուցանիշները բավականին տպավորիչ են և՛ աշխարհագրության, և՛ ուղղությունների ընդգրկվածության, և՛ ֆինանսական առումներով։ 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով սուբվենցիոն ծրագրերի վերջին տարիների համեմատական ցուցանիշները։

«2018 թվականին, երբ առաջին տարին մեր կառավարությունը սկսեց սուբվենցիոն  ծրագրերը, ընդամենը 3,8 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր իրականացվեց, որից կառավարության մասնաբաժինը 1,6 մլրդ դրամ էր։ Մենք արդեն 2023 թվականին այս ցուցանիշը հասցրել ենք 58 միլիարդի, կառավարության մասնաբաժինը՝ 30,3 մլրդի, որը, իսկապես, տպավորիչ է թե՛ 2018-ի, թե՛ մնացած բոլոր ժամանակահատվածների համեմատ»,-մանրամասնեց նախարարը՝ հավելելով, որ 2022 թվականին իրականացվել են 36 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից կառավարության մասնաբաժինը՝ 18 մլրդ դրամ։

Ֆինանսական առումով մյուս ակնառու ցուցանիշը, ըստ գերատեսչության ղեկավարի, 132 տոկոս կատարողականն է, որն արձանագրվել է լրացուցիչ ֆինանսավորման և պլանավորվածի ավելի իրականացված աշխատանքի արդյունքում։

Սանոսյանը կարևորեց նաև անցած տարի սուբվենցիոն ծրագրերի կարգի փոփոխությունները, որոնց արդյունքներն ավելի շատ նկատելի կլինեն 2024 թվականի ծրագրերում։

«Ընդհանրապես մենք սուբվենցիոն կարգն անընդհատ փոփոխում ենք։ Դա, երևի, ամենաշատ փոփոխվող կարգերից մեկն է, և փորձում ենք, այսպես ասած, սովորելով աշխատել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ փոփոխությունները որակական,  քանակական և թիրախային բնույթ են կրում։

Բացի այդ, դրանց արդյունքում կառավարությունը, իր մասնաբաժինը մեծացնելով, համայնքներին հորդորում է , որպեսզի այդ ծրագրերին ավելի մեծ ուշադրություն դարձնեն։

Նախարարն ընդգծեց, որ անցած տարին ոչ միայն տպավորիչ ցուցանիշներով է ամփոփվել, այլ նաև լավ հիմք է նախապատրաստվել 2024 թվականի լավ ցուցանիշների համար։

Կատարված փոփոխություններից նախարարն առանձնացրեց ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներին ուղղված սուբվենցիոն ծրագրերը։

«Այդ համայնքները հիմնականում քիչ բնակիչներով են բնակեցված և նրանց բյուջեները բավական քիչ են, ինչի հետևանքով խոշոր ծրագրեր չեն կարողանում իրականացնել։ Մենք անցած տարվա վերջում սուբվենցիոն կարգում առանձին կարգավորում մտցրեցինք և այս տարի կկիրառենք․ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների համար կառավարությունը 15 տոկոսով կմեծացնի իր մասնաբաժինը։ Սա շատ մեծ աջակցություն ու օգնություն է մեր այդ համայնքներին»,-պարզաբանեց Սանոսյանը։

Ինչ վերաբերում է մյուս պահանջված ուղղություններին, ըստ նրա, համայնքները շատ ունեն աղբահանության տեխնիկայի և աղբամանների կարիք։ Խնդրի լուծման համար ընդհանուր տեխնիկական միջոցների ցանկից առանձնացվել են մեքենաներն ու աղբամանները, և կառավարությունն իր մասնաբաժնի մեծացմամբ խրախուսում է դրանց ձեռքբերումը համայնքների կողմից։

Մի այլ փոփոխությամբ՝ պայման է, որպեսզի  համայնքները, մասնավորապես ճանապարհային ծրագրեր ներկայացնելիս, դրանց տակ կամ եզրերին առկա ենթակառուցվածքների վիճակի մասին պատկերացում ունենան, թե ինչն է փոխվել և ինչը փոխելու կարիք ունի՝ ըստ այդմ այն ներառել ծրագրում։ Ճանապարհներին վերաբերող սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելիս՝ անհրաժեշտ է նաև դրանց սպասարկումն ու համապատասխան տեխնիկա ունենալը հաշվի առնել։

Մշակութային տների նորոգման, հիմնանորոգման կամ կառուցման դեպքում կարևորվել է բովանդակությունը։ Համայնքները պետք է ներկայացնեն, թե այդ մշակույթի տանը ինչ միջոցառումներ են իրականացվելու, ինչ խմբեր են աշխատելու և ինչ ազդեցություն կունենա այդ ամենը  մշակութային կյանքի վրա։

«Սրանք միջոցներ են, որ մենք կառավարության և համայնքի ֆինանսական միջոցները ծախսելուց զատ, ստանանք այն արդյունքը, որը հիմնականում ակնկալվում է»,-շեշտեց Սանոսյանը։

Հաշվի առնելով ոռոգման և խմելու ջրերի համակարգերի անցկացման կարևորությունը՝ կառավարությունը 5-ական  տոկոսով մեծացրել է իր մասնաբաժինը՝ փորձելով խթանել այս ուղղությամբ ծրագրերը։

  • Կիսվել: