երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանում թափառող շների մշտական խնամքի կացարան կկառուցվի

Երևանում թափառող շների մշտական խնամքի կացարան կկառուցվի

Երևանի քաղաքապետարանն առաջիկայում թափառող շների մշտական խնամքի կացարան կկառուցի, որը նախատեսված կլինի մինչև 300 շան համար։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանն՝ ընդգծելով, որ նոր կացարանում կենդանիները կանցնեն բժշկական ստուգում, կստերջացվեն, կպատվաստվեն և կլինեն կենդանաբույժների մշտական հսկողության տակ: 

«Կացարանի նախագծման աշխատանքները առաջիկա մի քանի օրվա ընթացքում  կավարտվեն, որից հետո կանցնենք շինարարության մրցույթին։ Մրցույթի կայացումից հետո էլ կտանք շինարարական  աշխատանքների մեկնարկը: Այսինքն՝ կարող ենք ասել, որ 2024 թվականին համայնքը կունենա թափառող շների համար նախատեսված առանձնացված կացարան, որը ապահովված կլինի անհրաժեշտ բոլոր պայմաններով: Ուզում եմ շեշտել, որ կացարանը լինելու է մի կառույց, որտեղ ապահովված են լինելու անհրաժեշտ բոլոր պայմանները»,- մանրամասնեց Հարություն Առաքելյանը՝ հավելելով, որ կացարանում շները վանդակներում չեն պահվելու, նրանց համար ազատ տեղաշարժվելու հնարավորություն կլինի։

OLD01509.jpg (832 KB)

Կենտրոնի տնօրենի  խոսքով՝ 2024 թվականին նաև մեծ ուշադրություն են դարձնելու շներին խնամակալության հանձնելու գործընթացին, քանի որ կենտրոնի  ամենօրյա աշխատանքը ցույց է տալիս, որ շատ  են շների հանդեպ անպատասխանատու վարքագիծ դրսևորողները, որոնք մի քանի ամիս շուն պահելուց հետո հրաժարվում են կենդանուց՝ նրան թողնելով փողոցում:

Հարություն Առաքելյանը կարծում է, որ թափառող կենդանիների հետ կապված խնդիրները  շատ են, որովհետև ոլորտում որևէ  հստակ կարգավորում չկա․ նա օրենսդրական կարգավորումների բացը լրացնելու կարիք է տեսնում:

OLD01315.jpg (555 KB)

«Շատ հանդիպումներ ենք ունեցել Ազգային ժողովի մեր գործընկերների հետ, այժմ կա նախագիծ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին, որով, կարելի է ասել, մեծ մասամբ կկարողանանք կանոնակարգել ոլորտը, ինչպես նաև  կսահմանվի համապատասխան  տուգանքի չափ բոլոր նրանց համար, որոնք  կարգը  կխախտեն»,-ասաց Առաքելյանը:

OLD01444.jpg (426 KB)

Խնամքի կենտրոնում այժմ գործում է կլինիկական բլոկ՝ նախատեսված թափառող կենդանիների համար:

OLD01464.jpg (468 KB)

Երևանում կենդանիների մշտական խնամքի հիմնական կացարանի կառուցումից հետո կենտրոնը  մի քանի մեծ վարչական շրջաններում ևս նախատեսում է ունենալ նման կացարաններ, որտեղ ևս կկարողանան պահել և խնամել թափառող շներին:

  • Կիսվել: