երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Փաստաթղթերում հարկային մարմնի կնիքը կամ ստորագրությունը հնարավոր կլինի ներկայացնել նաև QR կոդով. նախագիծ

Փաստաթղթերում հարկային մարմնի կնիքը կամ ստորագրությունը հնարավոր կլինի ներկայացնել նաև QR կոդով. նախագիծ

Գործող կարգավորումների համաձայն՝ հարկային մարմնի կողմից տրվող կամ հարկ վճարողի անձնական գրասենյակից ներբեռնվող բազմաթիվ փաստաթղթեր պետական մարմիններին կամ ՏԻՄ-երին ներկայացնելիս հաճախ պահանջվում է, որ լինեն կնքված կամ ստորագրված հարկային մարմնի կողմից: Քանի որ գործընթացը ժամանակատար է, Կառավարությունն առաջարկում է սահմանել «QR կոդ» հասկացությունը: Առաջարկվող փոփոխության մասին նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Նախագծի նպատակն է կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկ վճարողի անձնական գրասենյակից արտատպվող և ներբեռնվող փաստաթղթերի հետ կապված հարցերը:

«Առաջարկում ենք սահմանել «QR կոդ» հասկացությունը Հարկային օրենսգրքում և միաժամանակ սահմանել, որ անձնական գրասենյակից ներբեռնվող փաստաթղթերը կամ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա փաստաթղթերը հարկ վճարողը կարող է ներբեռնել QR կոդով վավերացված, որի արդյունքում արդեն այլ փաստաթղթեր լրացուցիչ հարկային մարմնի կողմից վավերացման ենթակա չեն:

Այդ կոդի միջոցով արդեն այն մարմինները, որոնցով ներկայացվում են փաստաթղթերը, կճանաչվեն որպես այդպիսին, այսինքն՝ վավերացված հարկային մարմնի կողմից: Այստեղ կխնայվի ինչպես հարկ վճարողների ժամանակը, այնպես էլ նյութական ռեսուրսների ավելորդ ծախսը»,- ասաց նախարարի տեղակալը:

Հարակից զեկուցող Նարեկ Ղահրամանյանը պարզաբանեց՝ նախագիծն այն մասին է, որ երբ հարկ վճարողը ցանկանա հարաբերվել պետական կամ ոչ պետական կառույցների հետ՝ համայնքապետարան, դեսպանատուն, կարիք չլինի ամեն անգամ դիմում տալ ՊԵԿ-ին, սպասել պատասխանին, ստանալ կնիք, այլ ինքնաշխատ տարբերակով բազայից կհանվեն տվյալները և QR կոդի միջոցով կներկայացվեն ըստ անհրաժեշտության:

Առաջարկվում է, որ նախագիծն ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի մեկից, քանի որ ծրագրային ապահովման խնդիր կա:

  • Կիսվել: