երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կառուցապատողներն անշարժ գույքի շուկայի համար 2024-ը «սև ուրբաթ»-ի տարի են համարում

Կառուցապատողներն անշարժ գույքի շուկայի համար 2024-ը «սև ուրբաթ»-ի տարի են համարում

Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը պահպանվում է։ Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների ցուցանիշները խոսում են այն մասին, որ վերջին 2 տարիներին գրանցված եռուզեռը դեռ շարունակվում է։ Մասնավորապես՝ հունվար ամսին հանրապետությունում գրանցվել է 16 հազար 394, իսկ փետրվարին՝ 21 հազար 159 գործարք։ Հրավիրված ասուլիսում ՀՀ կադաստրի կոմիտե շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանը նշեց, որ հատկապես ուշադրության արժանի է փետրվարի ակտիվությունը։

«Փետրվարին գրանցել ենք վերջին 14 տարվա ամենաբարձր ցուցանիշը՝ 21 հազար 159։ Նախորդ տարվա փետրվարի նկատմամբ ունենք 26,8 տոկոսի աճ, իսկ հունվար ամսվա նկատմամբ՝ 29,1 տոկոսի աճ։ Ասեմ, որ ակտիվություն նկատվում է գրեթե բոլոր մարզերում։ Իհարկե, առաջին տեղում Երևանն է, որին հաջորդում են Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերը։ Գործարքներից հատկապես աճ գրանցվել է առուվաճառքի հատվածում։ Միայն փետրվարին գրանցել ենք 4 հազար 700 գործարք, որը նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է 30,3 տոկոսով»,-ասաց Աննա Նազարյանը։

Մասնագետները շուկայի աշխուժությունը հիմնականում պայմանավորում են  եկամտահարկի վերադարձով  հիփոթեքային վարկավորման ծրագրով։ Հատկապես, որ այդ ծրագրի երևանյան բաղադրիչը դուրս է գալիս։ Ծրագրի այդ պայմաններով Երևանում բնակարան հնարավոր կլինի ձեռք բերել միայն մինչև 2024 թվականի վերջ։

«Մենք կանխատեսում ենք, որ ակտիվությունը կպահպանվի մինչև տարեվերջ։ Որքան վերջնաժամկետը մոտենա, այնքան ավելի կթեժանա, քանի որ եկամտահարկից օգտվելու վերջին տարին է։ Դրանով պայմանավորված, 2024-ը պայմանական բնորոշել ենք «սև ուրբաթ»-ի տարի։ Ուզում եմ նշել, որ եկամտահարկի պայմանները շարունակվելու են Երևանից դուրս։ Դրա համար էլ ակտիվություն կա երևանամերձ հատվածներում՝ Էջմիածին, Աբովյան, Աշտարակ»,-ասաց «1SQ GROUP» ընկերության հիմնադիր Արմեն Սաքապետոյանը։

 Ի՞նչ տեղի կունենա անշարժ գույքի շուկայում, երբ եկամտահարկի հետվերադարձի հնարավորությունը Երևանում այլևս չլինի։ Արդյո՞ք գնային փոփոխություններ, հատկապես էժանացում, սպասվում է։ «ԱՐ-ԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանի խոսքով, շուկայում մեծ տատանումներ չեն սպասվում։

«Ասում են, թե անկում է ապրելու շուկան, պայթելու է, ես կարծում եմ, որ նման բան չի լինելու։ Շուկայում մնալու են ուժեղ կառուցապատողները, որոնք ֆինանսապես ավելի լավ վիճակում են։ Պարզապես, կարող է լինել բնակարանի դեֆիցիտ, իսկ դա էլ իր հերթին կբերի գների աճի»,-ասաց Արայիկ Գոջաբաշյանը։

Մասնագետները կարծում են, որ կառուցապատման ակտիվությունն ապահովելու համար պետք է եղած քաղաքականությունը շարունակվի։  Նոր գործիքակազմի անհրաժեշտություն կա, որ  աշխուժություն բերվի հեռավոր մարզերում, մյուս կողմից էլ կառավարությունը նպաստի ռենովացիոն ծրագրերի իրականացմանը, բնակֆոնդի թարմացմանը։

  • Կիսվել: