երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօր 270 Մվտ ինքնավար էներգաարտադրողներ ունենք, երբ 2018-ին ընդամենը 2 Մվտ էր. Բաղրամյան

Այսօր 270 Մվտ ինքնավար էներգաարտադրողներ ունենք, երբ 2018-ին ընդամենը 2 Մվտ էր. Բաղրամյան

Վերջին տարիներին Կառավարության և ՏԿԵՆ-ի հետ ռազմավարական ծրագիր ենք իրականացնում, որով ավելացնում ենք մեր արևային էներգետիկան: Դա էականորեն ավելացնում է մեր երկրի անկախությունը և նվազեցնում կախվածությունը մատակարարվող գազից: Այդ մասին Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության նախագծի քննարկման շրջանակում ասաց թեկնածու Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ՀՀ կախվածությունը բնական գազից նվազեցնելու ուղղությամբ, քանի որ հանրության մեջ անհանգստություն կա, թե ստվերային քայլեր են իրականացվում, որպեսզի բնական գազից կախվածությունը մնա բարձր մակարդակի վրա:

Բաղրամյանը չհամաձայնեց կարծիքի հետ, ավելին՝ նշեց, որ տնային տնտեսություններին, իրավաբանական անձանց ինքնավար էներգաարտադրությանն անցնելը հնարավորություն է տալիս նվազեցնել կախվածությունը գազի ծախսից, կրճատել նաև էլեկտրաէներգիայի ծախսը:

«Իրենց հզորությունն այս 5 տարիների ընթացքում 135 անգամ աճել է: Մենք այսօր 270 մեգավատ ինքնավար էներգաարտադրողներ ունենք, երբ 2018 թվականին դա ընդամենը 2 մեգավատ էր:

Այս ուղղությամբ քայլերն էլի շարունակվում են, և հիմա հնարավորություն է ստեղծվել նույնիսկ ստեղծել խմբեր: Ի՞նչն է խումբ ստեղծելու գաղափարը, օրինակ՝ եթե դուք բնակվում եք բազմաբնակարան շենքում, շատ դժվար է պատկերացնել, որ կարող եք ունենալ արևային կայան: Խմբի պարագայում այս խնդիրը նույնպես լուծվում է, որովհետև ինքնավար արտադրություն ունեցող կայանի հետ կարող եք խումբ կազմել, և ձեր էլեկտրաէներգիայի սպառումը նույնպես հաշվանցվում է: Այսինքն՝ սա նույնպես խթանել է, որ այս ոլորտը մեծ զարգացում ապրի, իսկ այդ ամենը հենց ուղղվում է ներկրվող վառելիքի նվազեցմանը»,- ասաց նա:

  • Կիսվել: