երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ակնկալում եմ, որ մեկ ամսվա ընթացքում այլևս բացատրություններ չենք ունենա, այլ իդեալական աղբահանություն. քաղաքապետ

Ակնկալում եմ, որ մեկ ամսվա ընթացքում այլևս բացատրություններ չենք ունենա, այլ իդեալական աղբահանություն. քաղաքապետ

Աղբահանությունը գիշերային և ցերեկային ռեժիմով իրականացվել է 33-ական տեխնիկայով։ Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 2 պատահար, որոնցից մեկի ժամանակ աղբահանություն իրականացնող մեր աշխատակիցը վրաերթի է ենթարկվել և գտնվում է հիվանդանոցում, որի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Քաղաքապետին զեկուցվեց նաև, որ ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մի քանի մեքենա այս պահին չի շահագործվում, քանի դեռ առկա չէ ապահովագրական գործակալության և համապատասխան գերատեսչության թույլտվությունը․ «Արդյունքում 3 սարքին վիճակում գտնվող մեքենաներն այս պահին պարապուրդի են մատնված»,- ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։

Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ ակնկալում է, որ մեկ ամսվա ընթացքում այլևս բացատրություններ չլինեն, այլ իդեալական կատարված աղբահանություն: Քաղաքապետը հանձնարարեց նախորդիվ մասնավոր ընկերություններին տրվող ֆինանսավորման չափերը վերհանել, որպեսզի հասկանան՝ համայնքային միջոցներով կատարվող աղբահանությունը ի սկզբանե ճի՞շտ որոշում է եղել. «Այդտեղ որոշակի դեբատ կա: Ծախսերն անընդհատ աճելու միտում ունեն, և կարող ենք դիտարկել մասնավոր ընկերություններին այս ծախսերն արտապատվիրակելը»,- ասաց Տիգրան Ավինյանը։

  • Կիսվել: