երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների հատուցման ամսավճարը կբարձրացվի 26%-ով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների հատուցման ամսավճարը կբարձրացվի 26%-ով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը կբարձրացվի 26%-ով։

«Զինապահ» (նախկին «1000+») զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ վերանայվել և ինդեքսավորվել է շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը։ 2024-ի հունվարի 1-ից շահառուներին վճարվող գումարը կբարձրացվի 26%-ով։ Օրինակ՝ եթե շահառուհի հատուցման ամսական գումարը 200,000 դրամ է, ապա փոփոխության արդյունքում այն այսուհետ կկազմի 252,000 ՀՀ դրամ։

«Ինդեքսավորումը ուժի մեջ է մտնում 2024-ի հունվարի 1-ից, սակայն վճարումները կիրականացվեն 2024-ի մարտի 1-ից։ Այսպիսով, 2024-ի հունվար և փետրվար ամիսների հատուցման գումարները նույնպես ենթակա են ինդեքսավորման։ 2024-ի մարտի 1-ին «Զինապահը» կփոխանցի հունվար և փետրվար ամիսների ինդեքսավորման արդյունքում վերահաշվարկված գումարի տարբերությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Փոփոխությունը տարածվում է շահառուների միայն հատուցման ամսական վճարների և լրացուցիչ վճարների վրա։ Միանվագ գումարը չի ինդեքսավորվում։

Այս նախաձեռնության արդյունքում «Զինապահի» տարեկան պարտավորություններն աճել են 4 միլիարդ դրամով։

«Այս փուլում հատուցման գումարների բարձրացումը կտարածվի բոլոր ներկա և 2024թ․ հունվարի 1-ից դիմող նոր շահառուների վրա, բացի 3-րդ խմբի զինհաշմանդամներին վճարվող դրամական աջակցության գումարներից և կամուրջ ծրագրի շահառուներին վճարվող գումարներից։ Սակայն առաջիկայում սպասվող օրենսդրական փոփոխություններից հետո ինդեքսավորումը կտարածվի նաև «Զինապահի»՝ երբևէ 1-ին կամ 2-րդ կարգի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուների վրա, ովքեր այս պահին 3-րդ խմբի զինհաշմանդամներ են։ Փոփոխությունից հետո նրանք նույնպես կշարունակեն ստանալ իրենց հասանելիք հատուցվող ինդեքսավորված գումարները՝ անկախ կարգի կամ ֆունկցիոնալության աստիճանի փոփոխությունից»,- նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: